Հոդված 5
Հոդված 5
Միջոցառումներ` ազգային մակարդակով
(1) Իրենց ազգային օրենսդրության շրջանակներում Պայմանավորվող Կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր պատշաճ միջոցառումները սույն Համաձայնագրի պայմանների ներքո ծագած, փոխանակված կամ պահվող գաղտնի տեղեկատվության անվտանգության պաշտպանությունը երաշխավորելու համար: Նման գաղտնի տեղեկատվությանը նրանք պետք է տան անվտանգության պաշտպանության մի աստիճան, որն առնվազն հավասար կլինի տեղեկատվությունը ստացող Պայմանավորվող Կողմի` իր սեփական գաղտնի տեղեկատվության նկատմամբ պահանջվող անվտանգության դասակարգման համադրելի աստիճանին:
(2) Գաղտնի տեղեկատվությունը պետք է օգտագործվի բացառապես նախատեսված նպատակով: Տեղեկատվությունը ստացող Պայմանավորվող Կողմը չպետք է գաղտնազերծի կամ օգտագործի, կամ թույլատրի ցանկացած գաղտնի տեղեկատվության գաղտնազերծումը կամ օգտագործումը՝ բացառությամբ այն նպատակներով և այն սահմանափակումների շրջանակներում, որոնք նշվել են տեղեկատվության ծագման Պայմանավորվող Կողմի կողմից կամ նրա անունից: Հակառակ դեպքում գաղտնի տեղեկատվություն տրամադրողը ցանկացած այլ պայմանների վերաբերյալ պետք է տա իր գրավոր համաձայնությունը:
(3) Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն կարող է տրվել միայն այն անձանց, որոնք, ելնելով իրենց ծառայողական պարտականություններից, պետք է տեղյակ լինեն այդ տեղեկատվությանը և որոնք լիազորված են առնչվելու անվտանգության դասակարգման համադրելի աստիճանի գաղտնի տեղեկատվությանը: Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը տրվում է միայն անվտանգության ստուգման ավարտից հետո, հաշվի առնելով այն չափանիշները, որոնք ոչ պակաս խիստ են, քան պահանջվում է անվտանգության դասակարգման համադրելի աստիճանի ազգային գաղտնի տեղեկատվության համար:
(4) VS-VERTRAULICH/«Գաղտնի» կամ առավել բարձր մակարդակի գաղտնի տեղեկատվությանը մուտքը` Պայմանավորվող կողմի քաղաքացիություն կրող անձի կողմից, պետք է տրամադրվի առանց ծագման Պայմանավորվող Կողմի նախնական թույլտվության:
(5) Պայմանավորվող Կողմի երկրում բնակվող և գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն պահանջող քաղաքացիների համար գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվության տրամադրումը պետք է իրականացվի այդ երկրի ազգային անվտանգության մարմինների կամ այլ իրավասու մարմինների կողմից:
(6) Այդուհանդերձ, մի Պայմանավորվող Կողմի քաղաքացիների, ով օրինական կերպով բնակում է մյուս Պայմանավորվող Կողմի երկրում և դիմում է այդ երկրում հույժ գաղտնի աշխատանքի համար, հուսալիության անհատական ստուգումը պետք է իրականացվի այդ երկրի անվտանգության իրավասու մարմնի կողմից` անհրաժեշտության դեպքում իրականացնելով համապատասխան ստուգումներ մյուս Պայմանավորվող Կողմի իրավասու մարմնի աջակցությամբ` իր ազգային օրենքներին և կանոնադրություններին համապատասխան:
(7) Պայմանավորվող Կողմերը, յուրաքանչյուրն իր տարածքում, երաշխավորում են, որ կիրականացվեն անվտանգության ապահովման համար անհրաժեշտ անվտանգության ստուգումներ և որ կպահպանվի սույն Համաձայնագրի դրույթների կատարումը: