Հոդված 5
Հոդված 5
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով «մշտական հաստատություն» եզրույթը նշանակում է՝ գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Մշտական հաստատություն» եզրույթը մասնավորապես ներառում է.
(a) կառավարման վայրը,
(b) մասնաճյուղը,
(c) գրասենյակը,
(d) գործարանը,
(e) արհեստանոցը և
(f) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների հետազոտման կամ արդյունահանման ցանկացած այլ վայրը:
3. (a) Շինարարական հրապարակը կամ կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը համարվում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, երբ այդպիսի հրապարակի շինարարությունը, ծրագիրը կամ գործունեությունը շարունակվում են ավելի քան 9 ամիս ժամանակահատվածով:
(b) Ձեռնարկության կողմից ծառայությունների մատուցումը, ներառյալ խորհրդատվական ծառայությունները, այդ նպատակով ձեռնարկության կողմից ընդգրկված աշխատողների կամ այլ անձնակազմի միջոցով, կազմում է մշտական հաստատություն միայն այն դեպքում, երբ այդ բնույթի գործունեությունը երկրում շարունակվում է (միևնույն կամ այդ ծրագրի հետ կապված ծրագրի համար) ցանկացած տասներկուամսյա ժամկետում ընդհանուր առմամբ ավելի քան 6 ամիս ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում:
4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ համարվում է, որ «մշտական հաստատություն» եզրույթը չի ներառում.
(a) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման կամ ցուցադրման նպատակով,
(b) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահեստավորման կամ ցուցադրման նպատակով,
(c) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,
(d) գործունեության կայուն վայրի պահումը` ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկատվության հավաքման նպատակով,
(e) գործունեության կայուն վայրի պահումը՝ ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեություն իրականացնելու նպատակով,
(f) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես «ա»-«ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար՝ պայմանով, որ գործունեության կայուն վայրի համընդհանուր գործունեությունը այս համակցության արդյունքում ունի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:
5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ այն դեպքում, երբ անկախ կարգավիճակով գործակալ չհանդիսացող անձը, որին վերաբերում է 6-րդ կետը, գործում է ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող այդ Պետությունում ցանկացած գործունեության մասով, որն այդ անձն իրականացնում է տվյալ ձեռնարկության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ կետում նշվածով, որը եթե իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության` այդ կետի դրույթների համաձայն:
6. Ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, ընդհանուր հանձնաժողովի գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով՝ պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:
7. Այն փաստը, որ ընկերությունը, որը Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), այդ ընկերություններից որևէ մեկին ինքնին չի դարձնում մյուսի մշտական հաստատություն: