Հոդված 10
Հոդված 10
ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Այնուամենայնիվ, այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժինները վճարող ընկերությունը, և այդ Պետության օրենքներին համապատասխան, սակայն՝
(a) եթե շահաբաժինները վճարվում են Հայաստանի ռեզիդենտ ընկերության կողմից Մալթայի ռեզիդենտին, ով դրանց փաստացի սեփականատերն է, Հայաստանում այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի`
(i) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատերն ընկերություն է (բացի ընկերակցությունից), որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության կապիտալի առնվազն 10 տոկոսը և շահաբաժինների վճարման օրվա դրությամբ շահաբաժիններ վճարող ընկերության բաժնետիրական կապիտալում ներդրել է առնվազն մեկ ու կես միլիոն եվրո (կամ դրան համարժեք ցանկացած այլ արտարժույթ),
(ii) շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:
(b) այն դեպքում, երբ շահաբաժինները վճարվում են Մալթայի ռեզիդենտ ընկերության կողմից Հայաստանի ռեզիդենտին, ով դրանց փաստացի սեփականատերն է, Մալթայում շահույթից գանձված հարկի համախառն գումարը չպետք է գերազանցի այն գանձվող գումարին, որից վճարվել են շահաբաժինները:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այս սահմանափակումների կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ: Սույն կետը չի ազդում ընկերության հարկման վրա այն շահույթի մասով, որից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» եզրույթը սույն հոդվածում գործածվելիս նշանակում է՝ եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպիսի կարգավորման ենթակա է բաժնետոմսերից եկամուտը` այն Պետության օրենքների համաձայն, որի ռեզիդենտ է բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս Պետությունը չի կարող որևէ հարկ սահմանել ընկերության կողմից վճարված շահաբաժինների նկատմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, ոչ էլ կարող է ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: