Հոդված 3
Հոդված 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե համատեքստն այլ բան չի պահանջում.
(a) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» եզրույթները, համատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Մալթա,
(b) «Հայաստան» եզրույթը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է՝ տարածք, ներառյալ ցամաքը, ջրերը, ընդերքը և օդային տարածքները, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն` համաձայն ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի,
(c) «Մալթա» եզրույթը նշանակում է Մալթայի Հանրապետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է՝ Մալթա կղզի, Գոզո կղզի և Մալթական կղզիախմբի մյուս կղզիներ` ներառյալ դրանց տարածքային ջրերը, ինչպես նաև ծովի հատակի ցանկացած տարածք, դրա ընդերքը և տարածքային ջրերի արտաքին սահմանին հարակից ջրային տարածքները, որոնց նկատմամբ Մալթան իրականացնում է ինքնիշխան իրավունքներ, իրավազորություն կամ վերահսկողություն՝ միջազգային իրավունքի և իր ներպետական օրենսդրության համաձայն, ներառյալ մայրցամաքային ելուստների ուսումնասիրության և իր բնական ռեսուրսների արդյունահանման հետ կապված օրենսդրությունը,
(d) «անձ» եզրույթը ներառում է ֆիզիկական անձանց, կոլեկտիվ ներդրումային համակարգը, ընկերությունը և անձանց ցանկացած այլ միավորումը,
(e) «ընկերություն» եզրույթը նշանակում է՝ ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
(f) «ձեռնարկություն» եզրույթը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ,
(g) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» եզրույթները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
(h) «միջազգային փոխադրում» եզրույթը նշանակում է՝ ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով կամ օդանավով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
(i) «ձեռնարկատիրական գործունեություն» եզրույթը ներառում է մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացումը,
(j) «իրավասու մարմին» եզրույթը նշանակում է.
(i) Հայաստանի դեպքում՝ ֆինանսների նախարար և պետական եկամուտների կոմիտեի նախագահ կամ նրանց լիազորված ներկայացուցիչներ,
(ii) Մալթայի դեպքում՝ ֆինանսների համար պատասխանատու նախարար կամ նրա լիազորված ներկայացուցիչ,
(k) «քաղաքացի» եզրույթը` կապված Պայմանավորվող պետության հետ, նշանակում է.
(i) այդ Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
(ii) այդ Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա իր, որպես այդպիսին, կարգավիճակն ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա:
2. Պայմանավորվող պետության կողմից ցանկացած պահի սույն Համաձայնագրի կիրառման նպատակով՝ նրանում չսահմանված ցանկացած եզրույթ, եթե համատեքստն այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որն այդ պահին այն ունի, այդ Պետության օրենսդրության համաձայն, այն հարկերի նպատակներով, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը. ընդ որում` այդ Պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված ցանկացած նշանակություն գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ եզրույթին տրվող նշանակության նկատմամբ: