Հոդված 266. Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով
Հոդված 266. Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով
1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) խոշոր չափերով,
3) ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում,
4) ուսումնադաստիարակչական հաստատություններում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Սույն գլխում թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի պետական կառավարման իրավասու մարմինը:
5. Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը մանր չափերով չի հանգեցնում քրեական պատասխանատվության:
6. Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից: