Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-12-20-ից մինչև 2004-07-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 29 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 311. Կաշառք ստանալը

գործել է մինչև 2004-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 311. Կաշառք ստանալը

1. Պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձևով կաշառք ստանալը, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) շորթմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) խոշոր չափերով,

4) կրկին անգամ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով,

3) դատավորի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

5. Հանցագործություն չի համարվում պաշտոնատար անձի կողմից, առանց նախնական պայմանավորվածության, որպես նվեր գույք, գույքի նկատմամբ իրավունք կամ գույքային այլ օգուտ ստանալը՝ իր լիազորությունների մեջ մտնող, արդեն կատարված գործողության (անգործության) համար, եթե նվերի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

Սույն գլխում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։