Հոդված 201. Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպություններին կաշառելը
Հոդված 201. Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպություններին կաշառելը
1. Մարզիկներին, մրցավարներին, մարզիչներին, թիմերի ղեկավարներին կամ արհեստավարժ մարզամրցումների մյուս մասնակիցներին ու կազմակերպություններին, ինչպես նաև հանդիսադիր առևտրային մրցույթների կազմակերպիչներին ու մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամներին կաշառելն այդ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Մարզիկների, մրցավարների, մարզիչների, թիմերի ղեկավարների կամ արհեստավարժ մարզամրցումների մյուս մասնակիցների կամ ղեկավարների կամ առևտրային մրցույթների կազմակերպիչների ու մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամների կողմից ապօրինաբար նյութական արժեքներ ստանալը կամ գույքային բնույթի ծառայություններից օգտվելը, որոնք նրանց ակնհայտ տրվել կամ տրամադրվել են մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: