Հոդված 23
Հոդված 23.
Օրենքի 36-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են այն դիվանագետները, ովքեր ազատվել են աշխատանքից հետևյալ հիմքերով.
ա) միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ, որպես միջազգային ծառայողներ աշխատանքի անցնելու կապակցությամբ, միջազգային կազմակերպությունում պաշտոնավարության ավարտից հետո.
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ` մեկ տարուց ավելի ուսանելու կամ գիտական գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ.
գ) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված պաշտոններում պաշտոնավարության ավարտից հետո.
դ) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «զ» և «ը» կետերում նախատեսված դեպքերում.
ե) իրենց դիվանագետ ամուսինների հետ օտարերկրյա պետություն մեկնելու պատճառով` օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում վերջիններիս ծառայելու կապակցությամբ` ամուսնու ծառայության ավարտից հետո:
2. Կադրերի ռեզերվում գրանցվում են նաև`
ա) սույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիվանագետները.
բ) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված արտաքին մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:
3. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը մեկ տարի է: Կադրերի ռեզերվում գտնվելն իրավունք է տալիս դիվանագետին թափուր պաշտոնի առկայության դեպքում վերականգնվել դիվանագիտական ծառայությունում` սույն օրենքի 26-րդ հոդվածում նախատեսված ներքին մրցույթով:
4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետում նշված դեպքի, հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:
5. Կադրերի ռեզերվում դիվանագետներին գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: