Հոդված 36. Պայմանագրի կատարման ապահովումը
Հոդված 36. Պայմանագրի կատարման ապահովումը
1. Ընտրված մասնակցի հետ գնման պայմանագիր կնքվում է, եթե ընտրված մասնակիցը մրցույթի հրավերով սահմանված կարգով ներկայացնում է պայմանագրի կատարման ապահովում:
2. Պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա այն ստանալու օրվանից հետո` աշխատանքային հինգ օրվա ընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել պայմանագրի կատարման ապահովում:
3. Պայմանագրի կատարման ապահովման չափը սահմանվում է մրցույթի հրավերով, որը չի կարող պակաս լինել գնման պայմանագրի գնի հինգ տոկոսից և չի կարող գերազանցել գնման պայմանագրի գնի տասը տոկոսը: Պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը պայմանագրի կատարման ապահովման փոխարեն պարտավոր է ներկայացնել կանխավճարի ապահովում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափով, որը չի կարող պակաս լինել պայմանագրի գնի հինգ տոկոսից
Պարբերական մրցույթի պայմանագրի կատարման ապահովման չափի որոշման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
4. Կանխավճարի մարման կարգը սահմանվում է գնման պայմանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններին համապատասխան:
5. Դրամի ձևով ներկայացված պայմանագրի կատարման կամ կանխավճարի ապահովումը` որպես ցպահանջ ավանդ, պահում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:
6. Եթե այլ բան նախատեսված չէ գնման պայմանագրով, ապա պայմանագրի կատարման կամ կանխավճարի ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին պայմանագրի կատարման ավարտից հետո ոչ ուշ, քան աշխատանքային հինգ օրվա ընթացքում: