Հոդված 9. Գնման ընթացակարգի արձանագրությունը
Հոդված 9. Գնման ընթացակարգի արձանագրությունը
1. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն վարում է գնման ընթացակարգի արձանագրություն: Գնման ընթացակարգի արձանագրությունը, գնման ձևին համապատասխան, պարունակում է`
ա) պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը.
բ) գնման անհրաժեշտության և գնման առարկայի բնութագրերի համառոտ նկարագիրը, գնման ձևի ընտրության հիմնավորումը.
գ) մասնակիցներին ներկայացված հրավերի և դրանում կատարված փոփոխությունների պատճենները.
դ) գնման վերաբերյալ ստացված հարցումների և ներկայացված պարզաբանումների պատճենները.
ե) հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները` անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, կապի միջոցները.
զ) հայտերով ներկայացված գները.
է) հայտերի գնահատման կարգը և դրանց գնահատման արդյունքները.
ը) հայտի մերժման դեպքում` դրա հիմնավորումը.
թ) գնման պայմանագրի պատճենը, իսկ գնման գործընթացի արդյունքում գնման պայմանագիր չկնքվելու դեպքում` դրա հիմնավորումը.
ժ) գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական գործողություններ հայտնաբերվելու դեպքում դրանց և այդ կապակցությամբ ձեռնարկված գործողությունների համառոտ նկարագիրը.
ժա) գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքների և դրանց վերաբերյալ կայացված որոշումների պատճենները.
ժբ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
2. Գնման պայմանագիր կնքելուց կամ գնման գործընթացը չկայացած հայտարարվելուց հետո` աշխատանքային տասն օրվա ընթացքում, պատվիրատուն լիազոր մարմին է ներկայացնում գնման ընթացակարգի արձանագրության պատճենը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված` բնական մենաշնորհ հանդիսացող սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ձեռքբերման դեպքերի:
3. Եթե գնման պայմանագրի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն ապահովում է գնման ժամանակ կատարված գործողությունների և դրանց հիմքերի մասին համապատասխան փաստաթղթերի առկայությունը և դրանց պահպանումը:
4. Պատվիրատուն պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության մեջ տեղ գտած տեղեկատվությունը, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության, տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հետո` աշխատանքային հինգ օրվա ընթացքում: