Հոդված 13. Գնման առարկայի բնութագրերը
Հոդված 13. Գնման առարկայի բնութագրերը
1. Գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության տեխնիկական հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները` բացառելով այլընտրանքային մեկնաբանությունը:
2. Ելնելով գնման առարկայի առանձնահատկությունից` դրանց տեխնիկական հատկանիշները հնարավորինս ներառում են ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության` որակին, ստանդարտին, անվտանգությանը, պայմանական նշաններին, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, բեռնաթափմանը, չափին, նախագծերին, ինչպես նաև գնման առարկայի տեխնիկական այլ հատկանիշների վերաբերող պայմանների հստակ նկարագրությունը` հիմնված Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ժամանակավոր տեխնիկական պայմանների կամ միջազգային ստանդարտների վրա:
Տեխնիկական հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանին, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ որոշակի աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում տեխնիկական հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը:
3. Գնման առարկայի բնութագրերը ներառվում են գնման պայմանագրում:
4. Գնման առարկայի բնութագրերի հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: