Հոդված 16. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումը
Հոդված 16. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումը
1. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումն իրականացնում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը չի կարող լինել գնման պայմանագրի կողմ, ինքնուրույն կատարել գնումներ, բացառությամբ իր գործառույթների կատարման համար իրականացվող գնումների:
2. Գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով լիազոր մարմինն է`
ա) համակարգում գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները և հաստատում կամ ներկայացնում դրանք հաստատման.
բ) կազմակերպում գնումների գործընթացի մեթոդական ղեկավարումը.
գ) ապահովում պատվիրատուների գնումների գործի համակարգման պատասխանատուների մասնագիտական ուսուցման, որակավորման գնահատման և վերապատրաստման համակարգի առկայությունը.
դ) հաստատում գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերը.
ե) մեթոդական օժանդակություն ցուցաբերում պատվիրատուներին գնումների գործի կազմակերպման հարցում.
զ) հաստատում տեղեկագրում տեղեկությունների հրապարակման կարգը, այդ թվում` ժամկետները, և կազմակերպում տեղեկագրի հրատարակումը.
է) համակարգում գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.
ը) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստուգում իրեն ներկայացված գնման ընթացակարգի արձանագրությունները.
թ) քննարկում գնման գործընթացի վերաբերյալ ստացված բողոքները և դրանց հիման վրա կազմակերպում ստուգումներ և ընդունում պատվիրատուների համար կատարման ենթակա որոշումներ.
ժ) վերահսկում պատվիրատուների կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը և տեղեկագրում հրապարակում վերահսկման մասին եզրակացությունները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի «թ» և «ժ» կետերով նախատեսված լիազորությունների կատարման նպատակով լիազոր մարմնի կազմում ստեղծվում է բողոքների քննարկման և գնումների գործընթացի վերահսկման մշտական հիմունքներով գործող միավոր, որի աշխատանքներին կարող են հասարակական հիմունքներով ներգրավվել պատվիրատու չհանդիսացող շահագրգիռ մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
4. Լիազոր մարմնի և պատվիրատուների միջև գնումներին վերաբերող հարաբերությունների համակարգման, ինչպես նաև պատվիրատուի գնումների գործի կազմակերպման ապահովման նպատակով պատվիրատուի աշխատակազմում ղեկավարի հրամանով սահմանվում են գնումների գործի համակարգման պատասխանատու կամ պատասխանատուներ կամ պատասխանատու ստորաբաժանում, որը`
ա) պատասխանատու է պատվիրատուի գնումների գործի կազմակերպման համար.
բ) եզրակացություն է տալիս գնումների կատարման շրջանակներում պատվիրատուի կողմից հաստատվող, այդ թվում` լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ.
գ) իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:
5. Լիազոր մարմինն առնվազն երեք տարին մեկ անգամ ապահովում է գնումների գործի համակարգման պատասխանատուների մասնակցության հնարավորությունը գնումներին վերաբերող վերապատրաստման կամ ուսուցման ծրագրերին և ապահովում այդ անձանց որակավորման գնահատումը: