Հոդված 34. Մրցույթի հայտերի գնահատումը և համեմատումը
Հոդված 34. Մրցույթի հայտերի գնահատումը և համեմատումը
1. Մրցույթի հայտերի գնահատման նպատակով մրցույթի հանձնաժողովը կարող է մասնակիցներից պահանջել բացատրություններ: Բացատրությունները չեն կարող հանգեցնել մրցույթի հայտի, այդ թվում` գնման առարկայի բնութագրերի փոփոխությանը:
2. Մրցույթի հանձնաժողովի անդամները գնահատում են մրցույթի հայտերը հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում մրցույթի հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
3. Եթե մրցույթի հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը:
4. Մասնակցի հայտը մերժվում է, եթե`
ա) մասնակիցը չի համապատասխանում մրցույթի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին.
բ) մասնակիցը չի համաձայնում սույն հոդվածի 3-րդ մասի պահանջի կիրարկմանը.
գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
5. Մրցույթի հաղթողին որոշելու նպատակով մրցույթի հրավերով սահմանված կարգով համեմատվում են բավարար գնահատված հայտերը: Բավարար գնահատված հայտերից մրցույթում հաղթող է ճանաչվում առավել բարձր գնահատական ստացած առաջարկը: Առաջարկը գնահատելիս, առաջարկվող գնից բացի, հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոչ գնային այլ չափանիշներ:
6. Եթե ապրանքների կամ աշխատանքների ձեռքբերման դեպքում ընտրված մասնակցի առաջարկած գինը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, և ընտրված մասնակցի գնի առաջարկը ներկայացված է ապրանքի կամ աշխատանքի մեկ միավորի հաշվարկով, ապա մրցույթի հանձնաժողովի առաջարկությամբ պատվիրատուն կարող է պակասեցնել ձեռք բերվող ապրանքի կամ աշխատանքի քանակը, սակայն ոչ ավելի, քան ընդհանուր քանակի տասնհինգ տոկոսի չափով, բացառությամբ շինարարական աշխատանքների գնման դեպքերի: Սույն մասը կիրառվում է, եթե դա նախատեսված է մրցույթի հրավերով:
7. Եթե առաջարկվող գները ներկայացված են երկու կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով` մրցույթի հրավերով սահմանված փոխարժեքով:
8. Անկախ նախաորակավորման ընթացակարգ կիրառելուց` հրավերով նախատեսված կարգով ընտրված մասնակցից կարող է պահանջվել վերահաստատել որակավորման իր հատկանիշները:
Ընտրված մասնակցի որակավորման հատկանիշները համարվում են վերահաստատված, եթե վերջինս հրավերով սահմանված կարգով դրա մասին ներկայացնում է հայտարարություն: Եթե ընտրված մասնակիցը չի վերահաստատում իր որակավորման հատկանիշները, ապա նրա մրցույթի հայտը մերժվում է, և մրցույթի հայտի ապահովումը չի վերադարձվում: Նման դեպքում կազմվում է արձանագրություն` նշելով մրցույթի հայտի մերժման հիմքը: Արձանագրությունը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը:
9. Հայտերի գնահատման կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: