Հոդված 5. Մասնակցի որակավորման չափանիշները
Հոդված 5. Մասնակցի որակավորման չափանիշները
1. Գնման գործընթացին մասնակցելու համար գնման գործընթացի ցանկացած փուլում մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշները:
2. Մասնակիցը`
ա) պետք է ունենա գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ.
բ) չպետք է դատական կարգով լինի անվճարունակ ճանաչված, չպետք է գտնվի լուծարման գործընթացում, չպետք է արգելանքի տակ ունենա պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք.
գ) չպետք է մրցույթի հայտը ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունենա ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր վճարների գծով.
դ) կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում չպետք է`
- դատապարտված լինի տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,
- գնման պայմանագիր կնքելու նպատակով ներկայացրած լինի կեղծ տվյալներ,
- իր գործողությամբ կամ անգործությամբ խախտած լինի գնման պայմանագրով նախատեսված պարտավորություն, որը հանգեցրած լինի պատվիրատուի կողմից գնման պայմանագրի միակողմանի լուծմանը:
3. Մասնակցի որակավորման հատկանիշները գնահատելու համար հրավերով սահմանվում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք կամ որոնց պատճենները մասնակիցը պետք է ներկայացնի որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանությունը հիմնավորելու համար:
4. Չեն կարող սահմանվել մասնակցի այնպիսի որակավորման չափանիշներ, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 2-րդ մասով:
5. Մասնակիցը համարվում է չորակավորված, եթե նրա որակավորման հատկանիշների մասին տվյալները չեն համապատասխանում հրավերով սահմանված չափանիշներին:
6. Սույն հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պայմանները չբավարարող մասնակիցների ցանկը լիազոր մարմինը հրապարակում է տեղեկագրում` հիմք ընդունելով պատվիրատուներից և այլ մարմիններից ստացված տեղեկությունները:
(5-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-231-Ն)