Հոդված 14
Հոդված 14.
Ներառում է գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունները (բարորակ, չարորակ), այլ ծավալային գոյացություններ, ինչպիսիք են կիստաները (հետվնասվածքային, հետբորբոքային, պարազիտար և այլն), դրանք հեռացնելուց հետո մնացած հետևանքները, առաջնային և երկրորդային զարգացող մկանային ատրոֆիաները (միոպաթիա, ողնուղեղային և նյարդային ամիոտրոֆիա), նյարդային համակարգի դեգեներատիվ բնույթ կրող համակարգային հիվանդությունները (սիրինգոմիելիա, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, Շտրյումպելի հիվանդություն, ցրված սկլերոզ, ուղեղիկային դեգեներացիա, պարկինսոնիզմ և այլն), նյարդային համակարգի բոլոր ժառանգական հիվանդությունները, զարգացման անոմալիաները (Առնոլդ-Կիարիի մալֆորմացիա, Դենդի-Ուոկերի համախտանիշ, ռետրոցերեբելյար կիստաներ և այլն) և մանկական ցերեբրալ կաթվածը։
«Ա» կետին են վերաբերում ծանր բնույթի բնածին շեղումները և ԿՆՀ-ի հիվանդությունները, արագ զարգացող կամ գործառույթի զգալի խանգարումներով զուգակցվող հիվանդությունները (գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, սիրինգոմիելիա՝ սուր արտահայտված տրոֆիկ խանգարումներով, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, միասթենիա, Ֆրիդրեյխի ողնուղեղային ատաքսիա և այլն)։
«Բ» կետին են վերաբերում այն հիվանդությունները, որոնց ժամանակ գործառույթների խանգարումն արտահայտված է չափավոր կամ աննշան, ընթացքը դանդաղ է, երկարատև:
V սյունակով փորձաքննվողների համար այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ գործառույթի խանգարումն արտահայտված է չափավոր կամ աննշան, ընթացքը դանդաղ է, երկարատև, ախտանշաններն ունեն հետագա զարգացման միտում՝ կիրառվում է անհատական մոտեցում։
Այս հոդվածին է վերաբերում նաև գլխուղեղի բազմակի գլիոզի օջախները՝ անգամ առանց գործառույթի խանգարման:
Գլխուղեղի մեծ ծոծրակային ցիստեռնայի առկայությունը` առանց կիստայի ձևավորման, ինչպես նաև կոնվեկսիտալ արախնոիդալ և թափանցիկ խտրոցի մինչև 1,0 սմ չափերի կիստաները, կոնաձև գեղձի մինչև 0,5 սմ չափսերի կիստաները, թեթև արտահայտված էսենցիալ դող, ներուղեղային 0,5 սմ փոքր չափսերի կիստաները՝ առանց կլինիկական դրսևորման (ԷԷԳ փոփոխություններ, ակնահատակի փոփոխություններ և այլն), փորձաքննվում են 11-րդ հոդվածի «գ» կետի կիրառմամբ: 11-րդ հոդվածի «գ» կետի կիրառմամբ փորձաքննվում են նաև անամնեզում՝ մանկական հասակում տարած և ավարտված ԿՆՀ-ի հիվանդությունները՝ առանց ֆունկցիայի խանգարումների, իսկ լիովին առողջացման դեպքում կարող է ճանաչվել պիտանի՝ առանց սահմանափակումների։