Հոդված 36
Հոդված 36.
Սկոլիոզի համար կիրառվում է հետևյալ դասակարգումը`
1) 1-ին աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 10-23 աստիճան.
2) 2-րդ աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 24-40 աստիճան.
3) 3-րդ աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 41-60 աստիճան.
4) 4-րդ աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 61 և ավելի աստիճան:
Կիֆոզի համար կիրառվում է հետևյալ դասակարգումը`
1) 1-ին աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան.
2) 2-րդ աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան.
3) 3-րդ աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 61-80 աստիճան.
4) 4-րդ աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 81 և ավելի աստիճան:
Սկոլիոզի և կիֆոզի դեպքում ռենտգեն նկարահանումը կատարվում է կանգնած դիրքում (կիֆոզի համար` նաև ձեռքերը վերև ձգած):
«Ա» կետին են վերաբերում ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները (4-րդ աստիճան կիֆոզ, երբ ծռվածության անկյունը կազմում է 80 աստիճանից ավելի), 3-4-րդ աստիճանի սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 41 աստիճան և ավելի)՝ կրծքավանդակի խիստ արտահայտված ձևափոխումով (սապատ, ողնուղեղային խողովակի ամբողջականության խախտումը լամինէկտոմիայից և հեմիլամինէկտոմիայից հետո և այլն)՝ անկախ ԱՇՖ-ի խանգարումից (կիֆոսկոլիոզի կամ սկոլիոզի պատճառով վիրահատված անձինք՝ անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանը), հաճախակի (տարեկան 2-3 անգամ) սրացումներով վարակիչ սպոնդիլիտը, երրորդ աստիճանի սպոնդիլոլիզը և սպոնդիլոլիստեզը, օտար մարմինների առկայությունը ողնուղեղային խողովակում, ողերի մարմինների բազմաթիվ կոտրվածքների հետևանքները՝ ողնաշարի խիստ արտահայտված ձևափոխումով և ցավային համախտանիշով, ձևախեղող սպոնդիլոզը և ողնաշարի բոլոր հատվածների միջողնային օստեոխոնդրոզը (վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթներով) միակցող սկավառակների մակարդակ դուրս եկող բազմաթիվ օստեոֆիտներով՝ միջողնային հոդավորման շրջանում և ողերի մարմինների եզրերին ու մշտական ցավային համախտանիշով, որը հաստատված է վերջին 2-3 տարվա ընթացքում` առանց կայուն կլինիկական արդյունքի կրկնակի ստացիոնար բուժումով, աշխատունակության իջեցումով (տարեկան` ավելի, քան 60 օր):
«Ա» կետին են վերաբերում նաև ողերի մարմինների կոտրվածքների, հոդախախտումների դեպքում և սպոնդիլո-կորպորոդեզի կիրառումով վիրահատության հետևանքները, երկու և ավելի ողերի մարմինների կոտրվածքի հետևանքները` սեպաձև ձևափոխումով, միջողնային սկավառակների, ջլերի և հոդակապերի վնասումով ու ցավային համախտանիշով: Նման դեպքերում հինգերորդ սյունակի փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է ըստ «բ» կետի:
Ախտորոշումը պետք է հաստատվի վերտեբրոբազիլյար համակարգի դոպլերոգրաֆիկ հետազոտությամբ, իսկ միջողնային սկավառակների, ջլերի ու հոդակապերի վնասվածքը` սպոնդիլոգրերով, ուղղահայաց առանցքից կողմնային ուղղություններով, դեպի առաջ և հետ, ողնաշարի կորացման աստիճանի որոշումով՝ պարտադիր ծանրաբեռնվածության դեպքում:
«Բ» կետին են վերաբերում՝ II աստիճանի սկոլիոզը (ողնաշարի կողմնային թեքվածության անկյունը կազմում է 24-40 աստիճան), III աստիճանի կիֆոզը (ծռվածության անկյունը կազմում է 68-80 աստիճան կամ 61-67 աստիճան, առնվազն 3 սեպաձև ողերի առկայությամբ)` կրծքավանդակի աննշան արտահայտված ձևախեղումով (կուզ և այլն)՝ անկախ ԱՇՖ-ի խանգարման աստիճանից, հազվադեպ սրացումներով վարակիչ սպոնդիլիտը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է «գ» կետով), տարածված ձևախեղող սպոնդիլոզն ու միջողնային օստեոխոնդրոզը` բազմաթիվ, խոշոր կտցանման ոսկրային աճով միջողնային շրջանում ու ցավային համախտանիշով, սակայն առանց վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթների (ախտորոշումը պետք է հաստատված լինի ռենտգեն հետազոտությամբ, ՀՏ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությամբ), I-II0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը, երբ շեղված ողի մարմնի հետին եզրը շեղված է ստորին տեղակայված ողի մարմնի 1/4 ից ավելի, ինչպես նաև միջողնային սկավառակի ճողվածքի հեռացման հետևանքները, (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար՝ II0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը), երբ առկա է ողի մարմնի թարմ կոտրվածք: Այս կետին են վերաբերում նաև կրծքավանդակի առաջնային պատի զգալի արտահայտված ձևախախտումները՝ անկախ ԱՇՖ խանգարման աստիճանից և ողի հին կոտրվածքը սեպաձև ձևախեղումով՝ անկախ ողնաշարի գործառույթի խանգարման աստիճանից:
«Գ» կետին են վերաբերում ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները, II աստիճանի կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան), նաև` երրորդ աստիճանի կիֆոզը, երբ ծռվածության անկյունը 61-67 աստիճան է, մինչև 3 սեպաձև ողերի առկայությամբ, I աստիճանի սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 10-23 աստիճան):
Բոլոր սյունակներով փորձաքննվողների համար ողերի մարմինների թարմ կոտրվածքների, իսկ չորրորդ, հինգերորդ և վեցերորդ սյունակներով փորձաքննվողներինը՝ նաև միջողնային սկավառակների հեռացման դեպքում, փորձաքննությունը իրականացվում է ըստ 38-րդ հոդվածի «դ» կետի, հերթական փորձաքննությունը կատարվում է 36-րդ հոդվածով:
Ողի մարմնի կոտրվածքից 2 տարի հետո ողնաշարի գործառույթը աննշան խախտող փոփոխությունների դեպքում զորակոչիկները ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար:
Ողի մարմնի թարմ կոտրվածքի դեպքում, եթե անատոմիական խախտում չկա, զորակոչիկներին տրվում է տարկետում երկու անգամ` 1-ական տարով, այնուհետև` իրականացվում է փորձաքննություն:
Առաջին աստիճանի սկոլիոզի դեպքում, երբ ողնաշարի ծռվածության անկյունը 21-23 աստիճան է և երկրորդ աստիճանի կիֆոզի դեպքում, երբ ծռվածության անկյունը 58-60 աստիճան է զորակոչիկներին` 18-21 տարեկանում, առաջին անգամ փորձաքննվելիս, «ե» կետի համաձայն (դինամիկ հսկողության նպատակով) տրվում է տարկետում մեկ անգամ` մեկ տարով, որից հետո փորձաքննվում են ըստ «բ» կամ «գ» կետի:
«Դ» կետին են վերաբերում ողնաշարի չսևեռակված ծռվածությունը, ներառյալ` պատանեկան կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան), ողնաշարի բնածին կամ ձեռքբերովի սևեռակված վերջնական ծռվածությունները, սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է մինչև 10 աստիճան) ձևախեղող սպոնդիլոզի և միջողնային օստեոխոնդրոզի մեկուսացած երևույթները՝ առանց ֆունկցիայի խանգարման:
Վերտեբրոբազիլիար անբավարարության երևույթների դեպքում միաժամանակ կիրառվում է նաև 11-րդ հոդվածը, իսկ ձևախեղող սպոնդիլոզն ու արմատիկային համախտանիշով միջողնային օստեոխոնդրոզի դեպքում՝ 16-րդ հոդվածը:
Պարանոցային օստեոխոնդրոզին բնորոշ են որոշակի ցավոտ կետերը պարանոցային ողերի հարվերտեբռալ և քիստավոր ելուստների, Էրբի վերին (անրակի արտաքին եզրից 23սմ բարձր), ողնաշարային զարկերակի ելքի կետերը: Ուստի ողնաշարի պարանոցային հատվածն ուսումնասիրելիս առանձնակի ուշադրություն է դարձվում առաջ հակած վիճակում գլուխը պտտելուն: Զինվորական ծառայությանը և ՌՈՒՀ-եր ընդունվելուն խոչընդոտ չեն քիստավոր և լայնակի ելունների կոտրվածքների հետևանքները, գոտկային 5-րդ ողի սակրալիզացումը կամ սրբոսկրային ողի լյումբալացումը, նշված ողերի աղեղների սերտաճած չլինելը, միջողնային օստեոխոնդրոզի առանց ախտանիշների ընթացքը, ինչպես նաև` I աստիճանի կիֆոզը (36-45 աստիճան ծռվածության անկյուն) և սկոլիոզը (մինչև 10 աստիճան ծռվածության անկյուն):