Հոդված 27
Հոդված 27.
Ներառում է զարկերակային հիպերտենզիան,որի փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում հիվանդության ախտածագումը, կլինիկական ընթացքը և դրսևորումները, թիրախ օրգանների ախտահարվածության աստիճանը, բարդությունների առկայությունը, դեղորայքային բուժման արդյունավետությունը, հիվանդության դրսևորման վաղեմությունը և այլն: Զինակոչիկները պարտադիր հետազոտվում են ստացիոնար պայմաններում, որի ընթացքում կատարվում է 24-ժամյա ԶՃ դինամիկ հսկողություն և կցվում է անբողջական (24-ժամյա) ԶՃ և ՍԿՀ տվյալները։ Սիրտանոթային համակարգի սոմատոտրոֆ վեգետատիվ դիսֆունկցիայով պայմանավորված զարկերակային ճնշման բարձրացումը փորձաքննվում է 28-րդ հոդվածով: Ախտանշանային հիպերտենզիայով տառապող զինծառայողների փորձաքննության համար անհրաժեշտ է ղեկավարվել համապատասխան հոդվածներով` հիմք ընդունելով հիմնական հիվանդությունը, իսկ անարդյունք բուժման կամ բարդ ձևերի արմատական բուժման անհնարինության դեպքում` նաև սույն հոդվածով:
«Ա» կետին է վերաբերում երրորդ փուլի զարկերակային հիպերտենզիան, որը բնութագրվում է զարկերակային ճնշման կայուն բարձր մակարդակով (դիաստոլիկ ճնշումը 110 մմ սս և բարձր, սիստոլիկ ճնշումը՝ 180 մմ սս և բարձր): Այս ցուցանիշները կարող են նվազել սրտամկանի ինֆարկտ տարած անձանց մոտ: Կլինիկական պատկերում գերակշռում են անոթային ծանր խանգարումները` պայմանավորված սրտի, ուղեղի, երիկամների և աչքի հատակի ախտահարումով, որոնք հանգեցնում են օրգանների ու համակարգերի ֆունկցիայի չափավոր խանգարման, սակայն բարեհաջող բուժման դեպքում հնարավոր է լրիվ կամ մասնակի վերականգնել աշխատունակությունը: Այս կետին են վերաբերում նաև արագընթաց (չարորակ) ձևերը:
«Բ» կետին է վերաբերում երկրորդ փուլի զարկերակային հիպետենիզան, որը բնորոշվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (դիաստոլիկ ճնշումը 100-109 մմ սս, սիստոլիկ ճնշումը՝ 160-179 մմ սս) և առանց ախտածագումնաբանորեն հիմնավորված բուժման չի կարգավորվում: Այս փուլին հատուկ է սրտամկանի գերաճը՝ գերբեռնվածության, հիպօքսիայի կամ իշեմիայի նշաններով: Ախորոշումը հաստատվում է կլինիկորեն և գործիքային հետազոտությունների միջոցով: Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին բնորոշ են նաև ուղեղի արյան շրջանառության դինամիկ խանգարումները՝ անցողիկ (շարժողական, զգացողական, խոսքի, ուղեղիկային, լսողական և այլ բնույթի) դրսևորումներով: Օրգանների ու համակարգերի գործառույթը չափավոր խանգարված է, աշխատունակությունը նվազած, սակայն հաջող բուժման դեպքում կարող է լրիվ կամ մասնակի վերականգնվել: V սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է` նկատի ունենալով հիվանդության արտահայտվածությունը, տարիքը, ծառայության բնույթը, ծառայողական և բժշկական բնութագրերի տվյալները:
«Գ» կետին է վերաբերում ստացիոնար հետազոտման ժամանակ բացահայտված զարկերակային հիպերտենզիայի առաջին փուլը, որը բնորոշվում է որևէ գրգռիչի ազդեցությամբ զարկերակային ճնշման կայուն բարձրացումով (դիատոլիկ ճնշումը 90-ից 99մմ սս, սիստոլիկը՝ 140-ից 159մմ սս)՝ ուղեկցվող ակնահատակի զարկերակների չափավոր նեղացումով, երակների լայնացումով, սրտամկանի գերաճի նախնական նշաններով:
«Դ» կետին է վերաբերում ստացիոնար հետազոտման ժամանակ ի հայտ եկած զարկերակային ճնշման ժամանակավոր բարձրացումը (դիաստոլիկը` մինչև 90մմ սս, սիստոլիկը` կայուն մինչև 140մմ սս կամ եզակի, ոչ կայուն սիստոլիկ ճնշման տատանումները մինչև 160մմ սս):