Հոդված 54
Հոդված 54.
«Ա» կետով են փորձաքննվում միզասեռական համակարգի հիվանդությունները կամ արատները, որոնք ուղեկցվում են երիկամների էքսկրետոր (արտազատիչ) գործառույթի զգալի խանգարումով: Այս կետին են վերաբերում նաև՝
1) քրոնիկական միզային խուղակներ, խրոնիկական գործող նեֆրոստոմա, խրոնիկական էպիցիստոստոմա, խրոնիկական ուրեթերոստոման՝ անկախ գործառույթից.
2) միակ երիկամը՝ անկախ գործառույթից, հինգերորդ սյունակի համար կիրառվում է «բ» կետը` կախված գործառույթի խանգարման աստիճանից.
3) երիկամներից մեկի գործառույթի բացակայությունը կամ զգալի իջեցումը, անկախ մյուս երիկամի գործառույթից.
4) երիկամների պոլիկիստոզը՝ անկախ գործառույթից, հինգերորդ սյունակի համար կիրառվում է «բ» կետը՝ կախված գործառույթի խանգարման աստիճանից.
5) երիկամների հիպոպլազիան 6սմ և պակաս` անկախ գործառույթից.
6) երիկամների սերտաճման բոլոր արատները՝ պայտաձև, նաև L-ձև, S-ձև երիկամները՝ անկախ գործառույթից, հինգերորդ սյունակի համար կիրառվում է «բ» կետը.
7) 3-րդ աստիճանի հիդրոնեֆրոզը՝ անկախ գործառույթից.
8) 3-րդ աստիճանի երկկողմանի նեֆրոպտոզը՝ անկախ գործառույթից, կատարվում է ռենտգեն հետազոտություն կոնտրաստավորումով, հինգերորդ սյունակի համար կիրառվում է «բ» կետը.
9) երիկամի կոնքային դիստոպիան կամ էկտոպիան՝ անկախ գործառույթից, հինգերորդ սյունակի համար կիրառվում է «բ» կետը.
10) միզաքարային հիվանդությունը երկու երիկամների ախտահարումով՝(քարերի չափերը 2սմ և ավել) անարդյունավետ բուժմամբ (հիդրոնեֆրոզ, պիոնեֆրոզ).
11) զույգ երիկամների լրիվ երկատումը՝ անկախ գործառույթից, հինգերորդ սյունակի համար կիրառվում է «բ» կետը.
12) միզապարկի վզիկի սկլերոզի կամ այլ պատճառներով միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսը՝ բարդացած հիդրոուրետերոնեֆրոզով, միզապարկի պատերի տռաբեկուլյացիայով, միզապարկի դիվերտիկուլներով.
13) երիկամային անոթների անոմալիան՝ հաստատված ՀՇ անգիոգրաֆիայով՝ ուղեկցվող վազոռենալ հիպերտենզիայով և (կամ) երիկամային արյունահոսությամբ.
14) երկկողմանի ախտահարման դեպքում՝ յուրաքանչյուր երիկամում պարզ կիստան կամ կիստաները (Բոսնիակ դասակարգման I և II ստադիաներ), որոնց գումարային չափսը յուրաքանչյուր երիկամում կազմում է 4,0 սմ և ավելի, անկախ գործառույթից՝ ախտորոշվում է համակարգչային շերտագրումով, ցուցման առկայության դեպքում կատարվում ՀՇ կոնտրաստավորում (հինգերորդ սյունակի համար կիրառվում է «բ» կետը).
15) մեգալոուրեթերը՝ հաստատված կոնտրաստային համակարգչային շերտագրումով, հինգերորդ սյունակի համար կիրառվում է «բ» կետը.
16) վիճակ միզածորանների ռեկոնստրուկտիվ վիրահատություններից հետո:
«Բ» կետով են փորձաքննվում միզասեռական համակարգի հետևյալ հիվանդությունները կամ արատները․
1) հիդրոնեֆրոզը՝ ավազանի լայնակի չափսը 3,0 սմ և ավելի, անկախ գործառույթի խանգարումից.
2) միզաքարային հիվանդությունը՝ հաճախակի (տարեկան 3 կամ ավելի անգամ) երիկամային խիթի նոպաներով, միզային քարերի արտազատմամբ՝ հաստատված պարտադիր ստացիոնարում բուժման էպիկրիզներով և սոնոգրաֆիկ կամ ՀՇ հետազոտություններով.
3) երիկամների հիպոպլազիան մինչև 9սմ՝ անկախ գործառույթից, հինգերորդ սյունակի համար` կախված գործառույթի խանգարման աստիճանից.
4) մեկ երիկամի լրիվ երկատումը.
5) երիկամի պարզ կիստան կամ կիստաները (Բոսնիակ դասակարգման I և II ստադիաներ), որոնց գումարային չափսը կազմում է 4,0 սմ և ավելի, անկախ գործառույթից՝ ախտորոշման համար սահմանային դեպքերում հիմք է հանդիսանում ՀՇ-հետազոտության տվյալները.
6) երիկամների կամ միզածորանի եզակի 0,7 սմ և ավելի միզային քարերի առկայությունը, նույն երիկամում՝ երկու 0,5սմ և ավելի բազմակի քարեր անկախ գործառույթից.
7) 3-րդ աստիճանի միակողմանի նեֆրոպտոզ՝ անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից, կատարվում է ռենտգեն հետազոտություն կոնտրաստավորումով.
8) երկկողմանի 2-րդ աստիճանի նեֆրոպտոզը.
9) երիկամի զստային և զստակոնքային դիստոպիան կամ էկտոպիան՝ անկախ գործառույթից:
«Գ» կետով են փորձաքննվում միզասեռական համակարգի հիվանդությունները կամ արատները, որոնք ուղեկցվում են երիկամների էքսկրետոր գործառույթի աննշան խանգարումով: «Գ» կետին են վերաբերում՝
1) երիկամների գոտկային, գոտկազստային դիստոպիա կամ էկտոպիա.
2) երիկամների (մինչև 0,7 սմ) միզային քարերի առկայությունը.
3) երկկողմանի I աստիճանի նեֆրոպտոզը, կատարվում է ռենտգեն հետազոտություն կոնտրաստավորումով.
4) 2-րդ աստիճանի միակողմանի նեֆրոպտոզը.
5) 1-ին աստիճանի հիդրոնեֆրոզը, երբ ավազանի լայնակի չափսը փոքր է 3,0 սմ-ից.
6) երիկամի պարզ կիստան կամ կիստաները, որոնց գումարային չափսը 4,0սմ-ից պակաս է:
«Դ» կետով են փորձաքննվում միզասեռական համակարգի հիվանդությունները կամ արատները, որոնք չեն ուղեկցվում երիկամների էքսկրետոր գործառույթի խանգարումով: «Դ» կետին են վերաբերում՝
1) վիճակ միզային ուղիներից (երիկամի ավազանից, միզածորանից, միզապարկից) միզային քարերի գործիքների միջոցով հեռացումը կամ ինքնուրույն արտազատումից հետո՝ առանց կրկնակի քարերի ձևավորման.
2) 1-ին աստիճանի միակողմանի նեֆրոպտոզը.
3) երիկամի կամ երիկամների մասնակի երկատումը, պիտանի է զինվորական ծառայության համար՝ առանց գործառույթի որոշման.
4) փոքր (մինչև 0,5 սմ) երիկամների եզակի քարերը, որոնց առկայությունը հաստատվել է միայն ուլտրաձայնային հետազոտությամբ:
Երիկամների արտազատիչ գործառույթը որոշելու համար կատարվում է կոնտրաստ համակարգչային շերտագրում:
Երիկամների իջեցման աստիճանը որոշվում է ռենտգենոլոգի կողմից, հետազոտվողի պառկած և ուղղահայաց դիրքով կատարված ռենտգեն նկարներով` առաջին աստիճան՝ երիկամի ներքևի բևեռի իջեցում 2 ող ցած, 2-րդ աստիճան՝ 3 ող ցած և 3-րդ աստիճան՝ ավելի քան 3 ող:
Երիկամի դիստոպիաները հաստատվում են համակարգչային շերտագրումով:
Միակ երիկամի, երիկամի հիպոպլազիայի, երիկամների պոլիկիստոզի, երիկամների սերտաճման արատների, հիդրոնեֆրոզի, երիկամների լրիվ երկատման ախտորոշման և բոլոր դեպքերում, երբ անհրաժեշտ է որոշել երիկամների արտազատիչ (էքսկրետոր) ֆունկցիան կատարվում է կոնտրաստ համակարգչային շերտագրում:
Քրոնիկ երիկամային հիվանդությամբ բարդությունների դեպքում կիրառվում է 31-րդ հոդվածը:
Բոլոր վիճելի կամ սահմանային դեպքերում հիմք է հանդիսանում ՀՇ հետազոտության տվյալները։