Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Կիրառվում է գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդությունների բոլոր տեսակների դեպքում, վասկուլիտ, անոթային մալֆորմացիաներ, զարկերակային անևրիզմներ, անոթների ստենոզներ ու օկլյուզիաներ և այլն, որոնք ուղեկցվում են ուղեղի արյան շրջանառության սուր, կրկնվող և երկարատև խանգարումներով (իշեմիկ, արյունազեղումային և խառը տիպի կաթվածներ ու անցողիկ խանգարումներ, զարգացող դիսցիրկուլյատոր էնցեֆալոմիելոպաթիաներ, ինչպես նաև ողնուղեղի արյան շրջանառության խանգարումներ և այլն):

«Ա» կետին են վերաբերում անոթային մալֆորմացիաները, կրկնվող կաթվածները, նյարդային համակարգի գործառույթների ծանր և կայուն խանգարումները, որոնք առաջանում են գլխուղեղի կամ ողնուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության III աստիճանի քրոնիկական անբավարարության (հեմիպլեգիա, խոր հեմիպարեզ, մոնոպարեզ, խոսքի, հիշողության, մտածողության խանգարումներ, պարկինսոնիզմ, կոնքի օրգանների գործառույթների խանգարումներ և այլն) հետևանքով:

«Բ» կետին են վերաբերում անոթային հիվանդությունների՝ բարեհաջող ընթացք ունեցող և չափավոր օջախային ախտահարմամբ արտահայտված ձևերը: Այս կետին են վերաբերում նաև ուղեղի աթերոսկլերոզի ժամանակ ուղեղի անոթային II աստիճանի քրոնիկական անբավարարության երևույթները (գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, ուշագնացություն, աշխատունակության անկում, հուզակամային խանգարումներ, ԿՆՀ առանձին կայուն օրգանական նշանների առկայության դեպքում՝ հստակ դեֆիցիտ և այլն): Այս կետին են վերաբերում նաև զարկերակային հիպերտենզիայի ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումները, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումները, գիտակցության կարճատև կորստով ուղեկցվող և սինկոպալ վիճակները: Գլխուղեղի և ողնուղեղի անոթների ստենոզների, հիպոպլազիաների, ապլազիաների դեպքում փորձաքննությունը իրականացվում է ելնելով արյան շրջանառության և գործառույթների խանգարման աստիճանից՝ դոպլերոգրաֆիկ և անհրաժեշտության դեպքում՝ անգիոգրաֆիկ հետազոտությունների արդյունքներով՝ «բ» կամ «գ» կետով:

Բացառիկ դեպքերում ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատում ծառայող սպաները, ՌՈՒ-Հերի պրոֆեսորադասախոսական կազմը չափավոր արտահայտված հեմիպարեզի (առանց տեսողության, խոսքի, հոգեկան խանգարումների, էպիլեպսիայի բռնկումների, պարկինսոնիզմի երևույթների) առկայության դեպքում կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար՝ հաշվի առնելով ձեռք բերած փորձը, հրամանատարության կարծիքը:

Ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումներով տառապող հինգերորդ սյունակով փորձաքննվողների վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը կայացվում է՝ նկատի ունենալով հիվանդության բնույթը և ծանրության աստիճանը:

Կրկնվող սուբարախնոիդալ արյունազեղումների (անկախ պատճառից), գլխուղեղի անոթների զարկերակային լայնացման (անևրիզմի) դեպքում, եթե այն ուղեղի արյան շրջանառության խանգարման կամ էպիլեպսիայի նոպաների պատճառ է դառնում, փորձաքննությունն իրականացվում է համաձայն «ա» կետի:

V սյունակով փորձաքննությունն իրականացվում է համաձայն «ա» կամ «բ» կետի՝ հաշվի առնելով գլխուղեղի անոթների անևրիզմի պատճառով վիրահատված անձանց վիրահատության արմատականությունը, արդյունավետությունը, գանգի ոսկրային դեֆեկտի հետվիրահատական մեծությունը, խանգարված գործառույթների վերականգնման ընթացքը:

I, II և III սյունակներով առաջնային (ոչ վնասվածքային) սուբարախնոիդալ արյունազեղումներից հետո (ախտորոշման ստույգ հաստատման դեպքում) փորձաքննությունն իրականացվում է ըստ «ա» կամ «բ» կետի՝ հաշվի առնելով նյարդային համակարգի գործառույթների խանգարման աստիճանը:

Միգրենի բոլոր տեսակները՝ հաստատված ստացիոնար դիտարկումներով և կլինիկական դրսևորումներով ամսվա մեջ երկու գրոհի արձանագրման դեպքում (I, II և III սյունակներով փորձաքննվողների համար՝ տվյալ զորակոչի ընթացքում), փորձաքննվում են «բ» կետով (անհրաժեշտ է կատարել ակնահատակի զննություն, ուղեղի անոթների դոպլերոգրաֆիա, ԷՈւԳ)։ Այն դեպքերում, երբ միգրենի գրոհը չի արձանագրվում կլինիկական դիտարկման ընթացքում, ապա ախտորոշվում է միգրեն՝ ըստ անամնեզի, և փորձաքննվում է «գ» կետով։

«Բ» կետով փորձաքննվում նաև խիստ կամ չափավոր արտահայտված իդիոպաթիկ վեգետատիվ նեյրոպաթիաները (G90.00), որոնք արտահայտվում են վեգետոանոթային պարոքսիզմներով՝ ամիսը առնվազն մեկ անգամ կամ ուղեկցվում են գիտակցության կարճատև կորստով (սինկոպե), և վեգետատիվ խանգարումներով՝ անհրաժեշտ է կատարել նեյրոօֆթալմոլոգի զննություն, ուղեղի անոթների դոպլերոգրաֆիա: Թեթև արտահայտված իդիոպաթիկ վեգետատիվ նեյրոպաթիան փորձաքննվում է «գ» կետով: Չափավոր արտահայտված առաջին անգամ ախտորոշված իդիոպաթիկ վեգետատիվ նեյրոպաթիան, երբ գործիքային հետազոտությունների արդյունքում առկա են փոփոխություններ, փորձաքննվում է «դ» կետով, տրվում է բուժման համար տարկետում:

«Դ» կետին են վերաբերում միգրենի այն դեպքերը, երբ բուժման վերաբերյալ նախկինում հավաստող փաստաթղթեր առկա չեն, արձանագրված է մեկ նոպա և անհրաժեշտ է ստացիոնար դիտարկում գրոհների կլինիկական արձանագրման կամ ժխտման նպատակով: Այս կետին են վերաբերում նաև V սյունակով փորձաքննվողների՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման դեպքերը, եթե ԿՆՀ ֆունկցիաները լիովին վերականգնվել են:

(11-րդ հոդվածը փոփ. 01.06.23 N 899-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։