Հոդված 14
Հոդված 14.
Ներառում է գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունները (բարորակ, չարորակ), այլ ծավալային գոյացություններ, ինչպիսիք են կիստաները (հետվնասվածքային, հետբորբոքային, պարազիտար և այլն), դրանք հեռացնելուց հետո մնացած հետևանքները, առաջնային և երկրորդային զարգացող մկանային ատրոֆիաները (միոպաթիա, ողնուղեղային և նյարդային ամիոտրոֆիա), նյարդային համակարգի դեգեներատիվ բնույթ կրող համակարգային հիվանդությունները (սիրինգոմիելիա, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, Շտրյումպելի հիվանդություն, ցրված սկլերոզ, ուղեղիկային դեգեներացիա, պարկինսոնիզմ և այլն), նյարդային համակարգի բոլոր ժառանգական հիվանդությունները, զարգացման անոմալիաները (Առնոլդ-Կիարիի մալֆորմացիա, Դենդի-Ուոկերի համախտանիշ, ռետրոցերեբելյար կիստաներ և այլն) և մանկական ցերեբրալ կաթվածը։
«Ա» կետին են վերաբերում ծանր բնույթի բնածին շեղումները և ԿՆՀ-ի հիվանդությունները, արագ զարգացող կամ գործառույթի զգալի խանգարումներով զուգակցվող հիվանդությունները (գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, սիրինգոմիելիա՝ սուր արտահայտված տրոֆիկ խանգարումներով, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, միասթենիա, Ֆրիդրեյխի ողնուղեղային ատաքսիա և այլն)։
«Բ» կետին են վերաբերում այն հիվանդությունները, որոնց ժամանակ գործառույթների խանգարումն արտահայտված է չափավոր կամ աննշան, ընթացքը դանդաղ է, երկարատև:
V սյունակով փորձաքննվողների համար այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ գործառույթի խանգարումն արտահայտված է չափավոր կամ աննշան, ընթացքը դանդաղ է, երկարատև, ախտանշաններն ունեն հետագա զարգացման միտում՝ կիրառվում է անհատական մոտեցում։
Գլխուղեղի մեծ ծոծրակային ցիստեռնայի առկայությունը` առանց կիստայի ձևավորման, ինչպես նաև կոնվեկսիտալ արախնոիդալ և թափանցիկ խտրոցի մինչև 1,0 սմ չափերի կիստաները, կոնաձև գեղձի մինչև 0,5 սմ չափսերի կիստաները, ներուղեղային կիսագնդային 0,5 սմ փոքր չափսերի կիստաները՝ առանց կլինիկական դրսևորման (ԷԷԳ փոփոխություններ, ակնահատակի փոփոխություններ և այլն), փորձաքննվում են 11-րդ հոդվածի «գ» կետի կիրառմամբ: 11-րդ հոդվածի «գ» կետի կիրառմամբ փորձաքննվում են նաև անամնեզում՝ մանկական հասակում տարած և ավարտված ԿՆՀ-ի հիվանդությունները՝ առանց ֆունկցիայի խանգարումների, իսկ լիովին առողջացման դեպքում կարող է ճանաչվել պիտանի՝ առանց սահմանափակումների։
(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.06.23 N 899-Ն)