Հոդված 30
Հոդված 30.
Ներառում է կերակրափողի, ստամոքսի, աղիների, որովայնամզի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հիվանդությունները և զարգացման անոմալիաները: Փորձաքննությունը իրականացվում է ստացիոնար պայմաններում հետազոտությունից, անհրաժեշտության դեպքում՝ բուժումից հետո: Փորձաքննությունը իրականացվում է ըստ գործառութային վիճակի և զարգացած բարդությունների: Փորձաքննական նշանակություն ունի նաև հիվանդությունների սրացման հաճախականությունը, վաղեմությունը, բուժման արդյունավետությունը: Հիվանդության սրացումները, ստացված բուժումը պետք է փաստարկված լինեն բժշկական փաստաթղթերով (ակտեր, հիվանդության պատմագրեր, բնութագրեր և այլն):
«Ա» կետին են վերաբերում մարսողության գործառույթի խիստ արտահայտված խանգարումով, բուժմանը դժվար ենթարկվող, առանց առողջացման ելքի և սնուցման անկումով ուղեկցվող աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդությունները, այդ թվում նաև՝
1) լյարդի ցիռոզը.
2) քրոնիկական հեպատիտների և քրոնիկական պանկրեատիտների ծանր ձևերը.
3) ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտների ու էնտերիտների ծանր ձևերը.
4) Կրոնի հիվանդությունը:
«Բ» կետին են վերաբերում մարսողության գործառույթի չափավոր արտահայտված խանգարումներով, սնուցման անկումով և (կամ) հաճախակի, տևական սրացումներով (տարին երեք և ավելի անգամ), բուժմանը դժվար ենթարկվող աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդությունները, այդ թվում նաև՝
1) ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտների ու էնտերիտների միջին ծանրության ձևերը.
2) քրոնիկական հեպատիտների և քրոնիկական պանկրեատիտների միջին ծանրության ձևերը.
3) 16 սմ-ից ավելի սպլենոմեգալիաները.
4) քարային և ոչ քարային խոլեցիստիտների միջին ծանրության ձևերը.
5) բուժմանը դժվար ենթարկվող ստամոքսի խրոնիկ խոցերը.
6) տասներկումատնյա աղու կոճղեզի արտահայտված խոցասպիական դեֆորմացիաները.
7) տարածուն էռոզիվ գաստրոդուոդենիտները՝ թթվագոյացման գործառույթի զգալի խանգարմամբ, սնուցման անկմամբ և հաճախակի սրացումներով.
8) խոցային էզոֆագիտները.
9) ուղեկցվող աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդությունները, այդ թվում նաև՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը, որոնց դեպքում ախտորոշումը հաստատվում է էնդոսկոպիկ և հյուսվածաբանական հետազոտությամբ:
Քրոնիկական պանկրեատիտների՝ ներերակային ռենտգեն կոնտրաստ նյութով կատարված համակարգչային շերտագրումով՝ կալցիֆիկատի, ֆիբրոզի, ենթաստամոքսագեղձի ատրոֆիայի կամ կեղծ կիստոզ փոփոխությունների առկայության դեպքում փորձաքննությունը իրականացվում է «ա» կետով:
Հեպատոսպլենոմեգալիաների ժամանակ, երբ լյարդը մեծացած է 2,0 սմ և ավել, իսկ փայծաղը անհատական նորմայից 1,0 սմ և ավելի, հաստատված ախտաբանական պրոցեսի բացակայության պայմաններում, I սյունակով փորձաքննվում են «դ» կետով, իսկ II սյունակով փորձաքննվում են «բ» կետով: Առանց կլինիկական նշանակության փայծաղի չափերի մեծացման ժամանակ որոշումը կայացվում է` նկատի ունենալով փայծաղի սահմանված անհատական նորման հետևյալ բանաձևով՝ փայծաղը = ձախ երիկամ + ձախ երիկամի 1/3 + 1 սմ (սակայն ոչ ավելի, քան 16սմ): Լյարդի չափերը որոշելիս փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում լյարդի թեք-ուղղահայաց չափսը, որը նորմայում չպետք է գերազանցի 16,0 սմ-ը:
Ախտածնային հիվանդությունների բացակայության պայմաններում, եթե փայծաղը սահմանվածից մեծ է 1սմ և ավելի՝ դիտարկման համար տրվում է տարկետում մեկ անգամ մեկ տարի ժամկետով, որից հետո չափսերի պահպանման կամ բացասական դինամիկայի դեպքում փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով: Չափավոր սպլենոմեգալիա (կայուն 16սմ և ավելի) ունեցող անձինք փորձաքննվում են «բ» կետով:
Լյարդի կալցինատները կամ կալցինատները խումբը մինչև 2 սմ չափսերի փորձաքննվում է «գ» կետով, եթե այն չի հանգեցնում լյարդի ֆունկցիայի խանգարման։
Չճշտված ծագման հեպատիտների վերաբերյալ բժշկական փաստաթղթերի առկայության և լյարդի ֆերմենտների ցուցանիշների փոփոխության դեպքում տրամադրվում է տարկետում մեկ անգամ մինչև մեկ տարի ժամկետով, որից հետո՝ փորձաքննություն «գ» կամ «բ» կետով: Աուտոիմուն հեպատիտների ախտորոշման վերաբերյալ փաստաթղթերի առկայության և հյուսվածաբանական հաստատման պարագայում փորձաքննությունը իրականացվում է «ա» կետով:
Տարած խոլեցիստիտի բուժումից հետո, եթե բուժման ավարտից 2 ամիս չի անցել, տրամադրվում է տարկետում 6 ամիս ժամկետով, որից հետո փորձաքննվում է «գ» կետով: Քարային խոլեցիստիտների դեպքում, եթե քարի չափը 0.6սմ-ից ավելի է, կամ եթե առկա են 0,4սմ-ից ավելի չափի 2 և ավելի քար, անգամ գործառույթի աննշան խանգարմամբ փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով:
Էրոզիվ էզոֆագիտների, էրոզիվ գաստրոդոուդենիտների դեպքում իրականացվում է բուժում, այնուհետև փորձաքննվում է ըստ բուժման արդյունավետության:
«Գ» կետին է վերաբերում նաև լեղապարկի «համր» եզակի քարի առկայությունը՝ առանց լեղապարկի բորբոքման նշանների:
Չորրորդ, հինգերորդ և վեցերորդ սյունակներով փորձաքննվողներին խոցային հիվանդության պատճառով ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական) տալու անհրաժեշտության մասին եզրակացություն է կայացվում այն դեպքերում, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:
Բարորակ հիպերբիլիռուբինեմիայի դեպքում, երբ արյան մեջ անուղղակի բիլիռուբինը 40 մկմոլ/լ-ից ավելի է, փորձաքննությունը իրականացվում է «ե» կետով (առաջին և երկրորդ սյունակով ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար (ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով)), իսկ մինչև 40 մկմոլ/լ-ի դեպքում՝ «գ» կետով:
Սպլենոմեգալիայի ժամանակ անհրաժեշտ է փորձաքննվողին հետազոտել թերապևտիկ, ինֆեկցիոն, արյան համակարգի, տուբերկուլոզային ժխտելու նպատակով: Վերոհիշյալ խմբի հիվանդությունների հաստատման ժամանակ փորձաքննությունն իրականացվում է ըստ հիվանդությունների ցանկի համապատասխան հոդվածի:
Գաստրիտ, դուոդենիտ, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն, լեղուղիների դիսկինեզիա ախտորոշմամբ առաջին սյունակով փորձաքննվողները սահմանափակումով պիտանի են զինվորական ծառայության համար:
Ներծծման խանգարման համախտանիշով զորակոչիկներին՝ հաստատված արտահայտված լուծով, ՖԶԻ-ի իջեցումով, սպիտակուցային անբավարարությամբ, անեմիայով, հիպովիտամինոզով, տրոֆիկ խանգարումներով, տրամադրվում է տարկետում մեկ անգամ մեկ տարի ժամկետով՝ բուժման նպատակով, որից հետո իրականացվում է փորձաքննություն:
Քրոնիկ փորկապությունների դեպքում, երբ չկա սնուցման կտրուկ իջեցում՝ ֆիզիկական զարգացման ինդեքսը 18,5 կգ/մ2–ից բարձր է, բորբոքման կամ անեմիայի լաբորատոր ցուցանիշներ, փորձաքննությունը իրականացվում է «գ» կետով: Մեգակոլոնի առկայության դեպքում փորձաքննությունը բոլոր սյունակներով իրականացվում է սույն հոդվածի «ա» կետով, իսկ հինգերորդ սյունակի համար՝ «բ» կետով: