Հոդված 3. ՀԱՆՁՆՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
Հոդված 3. ՀԱՆՁՆՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
1. Հանձնումը չի կատարվում, եթե`
ա) այն անձի նկատմամբ, որի հանձնումը պահանջվում է, հայցվող Կողմի տարածքում նույն արարքի համար արդեն սկսված է քրեական վարույթ կամ կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ,
բ) հանձնման մասին պահանջի ստանալու պահին քրեական վարույթը, հայցվող Կողմի օրենսդրությանը համապատասխան, չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու կամ այլ օրինական հիմքով (ներում, համաներում և այլն),
գ) հանցագործությունը, հայցող կամ հայցվող Կողմի օրենսդրությանը համապատասխան, հետապնդվում է մասնավոր մեղադրանքի կարգով (տուժողի դիմումով),
դ) անձը, որի հանձնումը պահանջվում է, հանդիսանում է հայցվող Կողմի քաղաքացի,
ե) անձը, որի հանձնումը պահանջվում է, չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության` հայցվող Կողմի օրենսդրության համաձայն,
զ) անձը, որի հանձնումը պահանջվում է, դատապարտվել է հայցող Կողմի արտակարգ դատարանի կողմից կամ ենթակա է դատապարտման այդպիսի դատարանի կողմից:
2. Հանձնում չի կատարվում նաև այն դեպքերում, երբ հայցվող Կողմի մոտ առկա են հավաստի տվյալներ այն մասին, որ այն անձի նկատմամբ, որի հանձնումը պահանջվում է.
ա) դատաքննության ժամանակ չեն պահպանվելու պաշտպանության նվազագույն իրավունքներն այն գործով, որով նա մասնակցում է որպես մեղադրյալ:
Դատավարության իրականացումը այն անձի բացակայությամբ, որի հանձնումը պահանջվում է, ինքնըստինքյան հիմք չի համարվում հանձնումը մերժելու համար, եթե հայցող Կողմը պարտավորվում է այդ անձի մասնակցությամբ սկսել նոր քրեական վարույթ.
բ) հետապնդման կամ խտրականության միջոցներ են կիրառվելու ռասայի, կրոնի, ազգության, քաղաքական համոզմունքների, սոցիալական և անձնական պայմանների պատճառով, կամ էլ կիրառվելու են խոշտանգումներ կամ մարդու հիմնական իրավունքները խախտող այլ ֆիզիկական ներգործություններ:
3. Հանձնումը կարող է մերժվել նաև, եթե արարքը, որի կապակցությամբ պահանջվում է հանձնումը, կատարվել է.
ա) հայցվող Կողմի տարածքում,
բ) հայցվող Կողմի տարածքից դուրս և, այդ Կողմի օրենքի համաձայն, հանցագործություն չի համարվում:
4. Այնպիսի հանցագործություն կատարած անձանց հանձնումը, որի համար հայցող Կողմի օրենքով կարող է նշանակվել կամ նշանակվել է մահապատիժ, թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե այդ Կողմը կներկայացնի հայցվող Կողմի համար ընդունելի գրավոր հաստատում այն մասին, որ այդպիսի պատժամիջոց չի կիրառվի կամ արդեն նշանակված միջոցը ի կատար չի ածվի:
5. Հանձնումը մերժելու դեպքում հայցվող Կողմը պետք է տեղեկացնի մերժման հիմքերի մասին: