Հոդված 53. Կատարման ենթակա դատական ակտի պարզաբանումը
Հոդված 53. Կատարման ենթակա դատական ակտի պարզաբանումը
1. Կատարման ենթակա դատական ակտի պահանջը պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողը կարող է դիմել դատական ակտը կայացրած դատարան` այն պարզաբանելու համար: Հարկադիր կատարողը պարտավոր է դիմումում շարադրել կատարման ենթակա ակտի պարզաբանման անհրաժեշտություն առաջացրած հանգամանքները, հստակ ձևակերպել պարզաբանման ենթակա հարցը, ինչպես նաև նշել կատարողական վարույթի մասնակիցների կազմը և նրանց ծանուցման հասցեները։
2. Դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, իսկ անհապաղ կատարման ենթակա ակտերի պարզաբանման դիմումը՝ ոչ ուշ, քան այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում: Դիմումը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, եթե դատարանը չի որոշում հրավիրել դատական նիստ՝ թելադրված դիմումի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ։ Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի և վայրի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցվում են հարկադիր կատարողը և կատարողական վարույթի մասնակիցները, իսկ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար։
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, որը բողոքարկման ենթակա չէ: