Հոդված 94. Գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելը գրավառու պահանջատիրոջ կողմից
Հոդված 94. Գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելը գրավառու պահանջատիրոջ կողմից
1. Եթե պահանջատերը բռնագանձման ենթակա գույքի միակ կամ առաջնահերթ գրավառուն է, ապա կարող է գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իր մտադրության մասին հարկադիր կատարողին հայտնել մինչև այդ գույքի հարկադիր իրացման մասին որոշում կայացվելը` ներկայացնելով գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացը սկսելու և սույն օրենքով սահմանված չափով կատարողական վճար վճարելու վերաբերյալ ապացույցներ։ Այդ դեպքում գույքը կատարողական վարույթում չի իրացվում։
2. Եթե գրավի առարկան ենթակա է բռնագանձման նաև այլ պահանջատիրոջ պահանջով հարուցված կատարողական վարույթով, ապա դրա վրա գրավառու պահանջատիրոջ կողմից արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացի, ներառյալ գրավառու պահանջատիրոջ և այլ պահանջատերերի իրավունքների և պարտականությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 93-րդ հոդվածի կանոնները։
3. Գրավառու պահանջատերն իրավունք ունի դադարեցնելու գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելը և հարկադիր կատարողին խնդրելու դրա վրա բռնագանձում տարածել կատարողական վարույթում։