Հոդված 20. Ապացուցման պարտականությունը և ապացույցներ ներկայացնելը։ Ապացույցների գնահատումը
Հոդված 20. Ապացուցման պարտականությունը և ապացույցներ ներկայացնելը։ Ապացույցների գնահատումը
1. Կատարողական վարույթում ապացույցներ կարող են ներկայացնել վարույթի մասնակիցները և իրավասու մարմինները։
2. Կատարողական վարույթի մասնակիցները կրում են իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու պարտականությունը։ Կատարողական վարույթի մասնակիցն ազատվում է ապացուցման պարտականությունից, եթե շահագրգիռ անձինք գրավոր ընդունում են նրա վկայակոչած փաստը, բացառությամբ եթե այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենսդրությամբ սահմանված որոշակի ապացույցով։
3. Եթե կատարողական վարույթի մասնակցի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օբյեկտիվորեն գտնվում է միայն վարույթի այլ մասնակցի մոտ, ապա վկայակոչված փաստը կարող է համարվել հաստատված, քանի դեռ վարույթի համապատասխան մասնակիցը հակառակը չի ապացուցել։
4. Կատարողական վարույթի մասնակիցն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերումը, ներկայացումը և հետազոտումը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը:
5. Հարկադիր կատարողը յուրաքանչյուր ապացույց գնահատում է վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից։
6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից, ներառյալ սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրականացնելուց հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը: