Հոդված 23. Աջակցության դադարեցումը
Հոդված 23. Աջակցության դադարեցումը
1. Զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը դադարեցվում է այդ աջակցության տրամադրումն իրականացնող իրավասու մարմնի հիմնավոր միջնորդության հիման վրա՝ նույնացման հանձնաժողովի կայացրած որոշմամբ հետևյալ դեպքերում.
1) ավարտվել է աջակցության գործընթացը.
2) զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը կայացրել է ինքնուրույն և կշռադատված որոշում՝ հրաժարվելու աջակցության հնարավորությունից.
3) վերացել են աջակցության տրամադրման հիմքերը.
4) առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ՝ աջակցությունը զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին հասանելի դարձնելու համար:
2. Աջակցության գործընթացը համարվում է ավարտված, եթե սպառվել են զոհի համար սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված աջակցության միջոցառումները: Նշված հանգամանքից շուտ աջակցության գործընթացը կարող է համարվել ավարտված, եթե աջակցությունն իրականացնող իրավասու մարմինը համարում է, որ զոհը լիարժեք վերականգնվել է, և զոհի համար ստեղծվել են հասարակությանը սոցիալական վերաինտեգրման համար անհրաժեշտ պայմաններ: Տվյալ դեպքում, անբավարար հիմքերի պարագայում, հանձնաժողովը կարող է իր որոշմամբ մերժել իրավասու մարմնի միջնորդությունը և երկարաձգել աջակցությունը մինչև անհրաժեշտ ամբողջական փաթեթի տրամադրումը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում աջակցությունը կարող է դադարեցվել նաև իրավասու որևէ մարմնի միջնորդության հիման վրա, եթե առկա են հիմնավոր ապացույցներ, որ նույնացման համար հիմք հանդիսացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձն իրականում չի ենթարկվել թրաֆիքինգի կամ շահագործման: