Հոդված 27. Պաշտպանության ապահովումը
Հոդված 27. Պաշտպանության ապահովումը
1. Հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին, նրանց օրինական ներկայացուցիչներին կարող է տրամադրվել լրացուցիչ անվտանգության ապահովում այն դեպքում, երբ առկա տեղեկություններն ու հանգամանքներն ուղղակիորեն ակնհայտ են դարձնում այդ պաշտպանության անհրաժեշտությունը:
2. Հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի պաշտպանությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ իրավասու մարմնի հիմնավոր միջնորդության հիման վրա: Պաշտպանության ներքո գտնվող անձանց հետ սույն օրենքով նախատեսված գործողությունները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
3. Պաշտպանության նկատառումներից ելնելով՝ իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում հատուկ կատեգորիայի զոհին կամ հատուկ կատեգորիայի հավանական զոհին անհապաղ անվտանգ միջավայր տեղափոխելու և նրա խնամակալության կամ հոգաբարձության հարցը լուծելու համար, եթե առկա են ողջամիտ կասկածներ, որ՝
1) հատուկ կատեգորիայի հավանական զոհերի կամ զոհերի օրինական ներկայացուցիչ հանդիսացող անձը որևէ կերպ մասնակցել է նրա նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանը.
2) այդ ներկայացուցչի կողմից հնարավոր են հատուկ կատեգորիայի զոհի կամ հատուկ կատեգորիայի հավանական զոհի կյանքը կամ առողջությունը վտանգող գործողություններ.
3) ներկայացուցիչը կարող է բացասաբար ազդել աջակցության և վերականգնման գործընթացի վրա կամ խոչընդոտել դրան:
4. Հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին սույն օրենքով նախատեսված պաշտպանության տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
5. Քրեական դատավարությանը մասնակցող հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով: