Հոդված 11. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը
Հոդված 11. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը
1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը (այսուհետ՝ նույնացման հանձնաժողով) մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ մարմինն է: Սույն օրենքով նախատեսված համապատասխան աջակցության և պաշտպանության տրամադրման նպատակով մարդը կարող է ճանաչվել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ բացառապես նույնացման հանձնաժողովի կողմից, անդամների բաց քվեարկությամբ, մեծամասնական սկզբունքով: Ձայների հավասար բաշխման դեպքում, եթե համընկել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշումները, ապա նախապատվությունը տրվում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշմանը, այլապես ձայների հավասար բաշխման դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը:
2. Նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք նույնացման հանձնաժողովում հանդես են գալիս հավասար իրավունքներով: Հասարակական կազմակերպությունները և պետական մարմինները նույնացման հանձնաժողովում ներկայացված են անդամների հավասար քանակով: Նույնացման հանձնաժողովի նախագահը և քարտուղարը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն են: Նույնացման հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Հանձնաժողովն ունենում է պահեստային անդամներ, որոնք անհրաժեշտության դեպքում նիստերի ընթացքում փոխարինում են բացակա հիմնական անդամներին: Նույնացման հանձնաժողովի հիմնական և պահեստային կազմերը խորհրդի ներկայացմամբ հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
4. Նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
5. Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(11-րդ հոդվածը խմբ. 03.06.19 ՀՕ-56-Ն, լրաց. 04.05.22 ՀՕ-110-Ն)
(04.05.22 ՀՕ-110-Ն օրենքն ունի անցումային դրույթ)