Անցնել բովանդակությանը
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸԳլուխ 23 · ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 172. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ և ԱՌևՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ստացումը և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

գործել է մինչև 2024-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 172. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ և ԱՌևՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ստացումը և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

(վերնագիրը լրաց. 14.12.04 ՀՕ-28-Ն)

1. Քրեական դատավարության ընթացքում ձեռնարկվում են ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման` օրենքով նախատեսված միջոցներ:

2. Դատավարական գործողություններ կատարելիս առանց անհրաժեշտության չպետք է հավաքվեն, պահվեն, օգտագործվեն և տարածվեն ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դատարանի, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով քննչական և դատական գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:

3. Անձինք, որոնց քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել կամ ներկայացնել օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, չեն կարող վկայակոչելով ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվել այդ պահանջը կատարելուց, սակայն իրավունք ունեն դատարանից, դատախազից, քննիչից, հետաքննության մարմնից նախապես ստանալ նրանց կողմից նշված տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունը հաստատող, համապատասխան քննչական կամ դատավարական գործողության արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում:

3.1. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ դատարանի որոշման հիման վրա:

3.2. Հարուցված քրեական գործերով դատարանը պատճառաբանված որոշմամբ բավարարում է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու քրեական հետապնդում իրականացնող մարմնի միջնորդությունը, եթե դրանք վերաբերում են՝

1) կասկածյալին.

2) մեղադրյալին.

3) այն ֆիզիկական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ նրա և սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի միջև առկա է անմիջական կապ, և նրա վերաբերյալ այդ տեղեկություններն ուղղակիորեն առնչվում են սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձին վերագրվող արարքին.

4) այն իրավաբանական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից, և դրա վերաբերյալ այդ տեղեկություններն ուղղակիորեն առնչվում են սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձին վերագրվող արարքին:

3.3. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն կարող են ստանալ միայն դատարանի որոշման հիման վրա:

3.4. Սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված կանոնները չեն գործում Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի և կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների, ինչպես նաև բաժնետոմսերի և բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրման առնչությամբ։ Սույն մասով նախատեսված տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններն ստանում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կարգով:

4. Ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող, իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող պետական ծառայողը և անկախ սեփականության ձևից` ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության աշխատողն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը:

5. Ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցներն այն անձանց պահանջով, որոնց սպառնում է նշված տեղեկությունների հրապարակումը, կարող են հետազոտվել դռնփակ դատական նիստում:

(172-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-28-Ն, փոփ., լրաց. 27.02.07 ՀՕ-114-Ն, 22.10.08 ՀՕ-196-Ն, 24.06.10 ՀՕ-103-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-115-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-308-Ն, խմբ. 30.06.21 ՀՕ-307-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։