Հոդված 220. ՔՆՆՈՒՄԸ
Հոդված 220. ՔՆՆՈՒՄԸ
1. Քննիչն իրավունք ունի կատարել կասկածյալի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի քննում` նրանց մարմնի վրա հանցագործության հետքերի կամ հատուկ նշանների առկայություն հայտնաբերելու համար, եթե դրա համար չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն:
2. Քննում կատարելու մասին քննիչը կայացնում է որոշում: Այդ որոշումը պարտադիր է այն անձի համար, որի նկատմամբ այն կայացվել է:
3. Քննումը կատարվում է բժշկի կամ դատաբժշկության բնագավառի մասնագետի մասնակցությամբ: Եթե քննումը չի զուգորդվում քննվող անձին մերկացնելու հետ, ապա քննվող անձի համաձայնությամբ նրա մարմնի վրա առկա հանցագործության հետքերը կամ հատուկ նշանները լուսանկարահանվում կամ տեսաձայնագրառվում են:
4. Քննիչն իրավունք չունի ներկա գտնվել մյուս սեռին պատկանող անձին քննելիս, եթե քննումը զուգորդվում է այդ անձին մերկացնելու հետ: Այդ դեպքում, քննիչի հանձնարարությամբ, քննումը կատարում է դատաբժշկության բնագավառի մասնագետը կամ բժիշկը:
5. Քննումն ավարտվելուց հետո քննիչը կազմում է դրա արդյունքները ներկայացնող արձանագրություն: Արձանագրությունն ստորագրվում է քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:
(220-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-181-Ն)