Հոդված 375.9. Համագործակցության միջնորդություն ներկայացնելու կարգը
Հոդված 375.9. Համագործակցության միջնորդություն ներկայացնելու կարգը
1. Համագործակցության միջնորդությունը ներկայացվում է հսկող դատախազին և ստորագրվում մեղադրյալի ու նրա պաշտպանի կողմից:
2. Համագործակցության միջնորդությունը կարող է ներկայացվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու պահից մինչև նախաքննության ավարտի մասին հայտարարելը:
3. Համագործակցության միջնորդության մեջ նշվում է, որ մեղադրյալը համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին, և այն, թե ինչում է արտահայտվելու մեղադրյալի համագործակցության բնույթը, ինչպես նաև այն գործողությունները, որոնք մեղադրյալը պարտավորվում է կատարել հանցագործության բացահայտումն ապահովելուն աջակցելու նպատակով:
4. Համագործակցության միջնորդությունը մեղադրյալը կամ նրա պաշտպանը հսկող դատախազին հանձնում է քննիչի միջոցով: Եթե միջնորդությունը ներկայացնելու պահին մեղադրյալը պաշտպան չունի, ապա քննիչը միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար և մեղադրյալին հնարավորություն է ընձեռում պաշտպանի հետ քննարկելու միջնորդությունը:
5. Մեղադրյալի և պաշտպանի ստորագրած միջնորդությունն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, քննիչն այն հանձնում է հսկող դատախազին՝ կցելով դրա բավարարման կամ մերժման վերաբերյալ իր գրավոր դիրքորոշումը:
6. Նույն վարույթով մեկից ավելի մեղադրյալների կողմից մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ համագործակցության համաձայնագիր) կնքելու ցանկություն արտահայտելու դեպքում նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է համագործակցության առանձին միջնորդություն: