Հոդված 476. Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը
Հոդված 476. Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը
1. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից դատավարական գործողությունների վերաբերյալ հարցումների կատարման պարտականությունը բխում է տվյալ պետության հետ կնքված` Հայաստանի Հանրապետության մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառվում են հետևյալ կանոնները.
1) եթե հարցման մեջ նշված է, թե որոշակի որ միջազգային պայմանագրի հիման վրա է այն կազմվել և ներկայացվել, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում են այդ միջազգային պայմանագրով.
2) եթե հարցման մեջ նշված են տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող մեկից ավելի միջազգային պայմանագրեր, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում են հարցման մեջ նշված այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին, միաժամանակ կիրառելով մյուս պայմանագրի (պայմանագրերի) դրույթները, որոնք նախատեսված չեն առավել ամբողջական լուծում տվող միջազգային պայմանագրով, բայց հարցումն առավել լրիվ և արագ կատարելու հնարավորություն են տալիս.
3) եթե հարցման մեջ նշում չկա տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող որևէ միջազգային պայմանագրի վերաբերյալ, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում են այն միջազգային պայմանագրով, որը առավել ամբողջական լուծում է տալիս հարցման լիարժեք կատարման հետ կապված հարցերին, որի ընթացքում չի բացառվում նաև տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող մյուս պայմանագրերի այն դրույթների կիրառումը, որոնք լրացնում են այն պայմանագրին, որով ղեկավարվում են դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը։
2. Եթե Հայաստանի Հանրապետության և հարցում ներկայացրած օտարերկրյա պետության մասնակցությամբ գործում է բազմակողմ միջազգային պայմանագիր, որը հանձնման հարցերով այդ պայմանագրին գերակայություն է տալիս կողմերի միջև գործող և հանձնման հարցեր կարգավորող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ, ապա Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում են այդ բազմակողմ միջազգային պայմանագրով։
(476-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն)