Հոդված 11. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և անձնական ազատությունը
Հոդված 11. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և անձնական ազատությունը
(վերնագիրը խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
3. Կալանավորելը, կալանքի տակ պահելը, բժշկական կամ դաստիարակչական հաստատությունում անձին հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Եթե անձն անձնական ազատությունից զրկվել է իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով, և անձին ազատությունից զրկելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:
4. Յուրաքանչյուր ձերբակալվածի և կալանավորվածի անհապաղ հաղորդվում են ձերբակալության կամ կալանավորման հիմքերը, ինչպես նաև այն հանցագործության փաստական հանգամանքները և իրավաբանական որակումը, որի կատարման մեջ նա կասկածվում կամ մեղադրվում է:
5. Դատարանը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը պարտավոր են անհապաղ ազատ արձակել անազատության մեջ ապօրինի պահվող յուրաքանչյուր անձի: Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարն իրավունք չունի կալանքը կրելու համար անձին ընդունել առանց համապատասխան դատական որոշման և պարտավոր է անհապաղ ազատ արձակել կալանքի տակ պահելու ժամկետը լրացած յուրաքանչյուր անձի:
6. Անձի խուզարկությունը և քննումը, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը կամ անձնական ազատությունը սահմանափակող այլ դատավարական գործողություններ կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
7. Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի: Արգելվում է կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով:
8. Արգելվում է անձին ներգրավել երկարաժամկետ կամ ֆիզիկական տանջանքներ պատճառող, նրա կամ շրջապատողների առողջության համար վտանգ ներկայացնող քննչական փորձարարությունների, դատավարական այլ գործողություններ կատարելուն:
9. Քրեական դատավարության ընթացքում արգելվում է մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վտանգ ներկայացնող միջոցներ կիրառելը:
(11-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-263, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)