Հոդված 499.10. Միջազգային դատարանի դատավճիռը ճանաչելը և մերժելը
Հոդված 499.10. Միջազգային դատարանի դատավճիռը ճանաչելը և մերժելը
1. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա է ճանաչման, եթե դա նախատեսված է այդ դատարանի հիմնադրման մասին կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրերով)։
Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ միջազգային դատարանի իրավասությունը սահմանող միջազգային պայմանագրով սահմանված կարգով։
2. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է այդ դատարանի իրավասությունը սահմանող միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով, և ճանաչումը կարող է մերժվել այդ պայմանագրով նախատեսված հիմքերով, ինչպես նաև սույն օրենսգրքի 499.9-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում։
3. Միջազգային դատարան է համարվում Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող այն միջպետական մարմինը, որն իր հիմնադրման կամ նրա լիազորությունները սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրերով) իրավասու է քրեական գործեր քննելու և դրանց վերաբերյալ դատավճիռ կայացնելու։
4. Միջազգային դատարանի դատավճիռների կատարումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը և գույքային այլ բռնագանձումներին վերաբերող մասով՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։
(499.10 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն)