Հոդված 398. ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ
Հոդված 398. ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ
1. Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
2. Դատավճիռը պետք է բեկանվի, երբ դատաքննության միակողմանիությունը կամ ոչ լրիվությունը հետևանք են թույլատրելի ապացույցները գործից սխալմամբ հանելու կամ այն ապացույցների հետազոտման հարցում կողմի միջնորդությունն անհիմն մերժելու համար, որոնք կարող էին նշանակություն ունենալ գործի համար:
3. Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը.
1.1) մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա.
2) դատավճիռը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով.
3) գործը քննվել է ամբաստանյալի բացակայությամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի վեցերորդ մասով նախատեսված դեպքի.
4) գործը քննվել է պաշտպանի բացակայությամբ, երբ նրա մասնակցությունը, համաձայն օրենքի, պարտադիր էր, կամ այլ կերպ խախտվել է մեղադրյալի` պաշտպան ունենալու իրավունքը.
5) դատարանում խախտվել է մայրենի լեզվից և թարգմանչի ծառայություններից օգտվելու` ամբաստանյալի իրավունքը.
6) անձամբ իր պաշտպանությունն իրականացրած ամբաստանյալին իրավունք չի վերապահվել մասնակցելու դատական վիճաբանություններին.
7) ամբաստանյալին չի տրվել վերջին խոսքի իրավունք.
8) խախտվել է խորհրդակցական սենյակի գաղտնիությունը.
9) գործում բացակայում է դատական նիստի արձանագրությունը.
10) դատավճռում իսպառ բացակայում է դրա նկարագրական-պատճառաբանական մասը.
11) խախտվել է գործի քննության ընդդատությունը.
12) հեռակա վարույթ իրականացնելու՝ սույն օրենսգրքով նախատեսված հիմքի բացակայության կամ հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում իրականացվել է հեռակա կարգով դատական քննություն։
4. Գտնելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել սույն հոդվածի երրորդ մասի 2-11-րդ կետերով նախատեսված խախտում, վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը և կայացնում նոր դատավճիռ, 1-ին կետով նախատեսված դեպքում` բեկանում է դատավճիռը, կարճում է գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը, իսկ 12-րդ կետով նախատեսված դեպքում բեկանում է դատավճիռը` գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության:
5. Եթե առաջին ատյանի դատարանը գործով թույլ է տվել քրեադատավարական օրենքի այլ էական խախտում, վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով գործի քննության արդյունքները, փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը կամ բեկանում է այն և գործն ուղարկում առաջին ատյանի համապատասխան դատարան՝ այլ կազմով նոր քննության:
6. Վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը և գործն ուղարկում լրացուցիչ նախաքննության, եթե թույլ են տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա և որոնք չեն կարող վերացվել դատական քննությամբ:
7. Սույն հոդվածի նորմերը տարածվում են նաև վերաքննիչ դատարանի կողմից այլ դատական ակտերը վերանայելիս այնքանով, որքանով կիրառելի են դրանց նկատմամբ:
(398-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ., խմբ., լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 05.02.09 ՀՕ-45-Ն, 10.06.14 ՀՕ-48-Ն, լրաց., փոփ. 30.06.21 ՀՕ-307-Ն)
(398-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր 24.07.2007 ՍԴՈ-710 որոշմամբ)