Հոդված 285. ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ կամ կալանավորման ժամկետը երկարացնելու ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒՄԸ
Հոդված 285. ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ կամ կալանավորման ժամկետը երկարացնելու ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը:
2. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին: Ժամանակին ծանուցված պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը: Դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին:
Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը քննում է միջնորդությունը ներկայացրած անձի և հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին:
3. Անազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննության դատական նիստին նրա մասնակցության հարցը պետք է ապահովի վարույթն իրականացնող մարմինը:
4. Միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ:
5. Քննելով միջնորդությունը` դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց: Որոշումը ենթակա է անհապաղ կատարման:
5.1. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատարանի որոշման մասին վարույթն իրականացնող մարմինն անհապաղ գրավոր իրազեկում է մեղադրյալի աշխատավայր:
6. Տվյալ խափանման միջոցն ընտրելու նպատակով հարուցված միջնորդությունը դատավորի կողմից մերժելու մասին որոշումից հետո նույն գործով նույն անձին կալանավորելու միջնորդությամբ կրկին դատարան դիմելը հնարավոր է միայն կալանավորումը հիմնավորող նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում:
7. Կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին որոշում կայացվելու դեպքում մեղադրյալը մնում է կալանքի տակ, քանի դեռ կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված չեն:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում գրավը կամ երաշխավորության գումարը մուծվում է դատարանի դեպոզիտ:
(285-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., լրաց. 14.04.20 ՀՕ-196-Ն, լրաց. 25.03.21 ՀՕ-123-Ն, փոփ. 30.06.21 ՀՕ-280-Ն)