Հոդված 265. ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼԸ
Հոդված 265. ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼԸ
1. Մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` քննիչն այդ մասին հաղորդում է մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին և որոշում է գործի նյութերի հետ նրանց ծանոթանալու ժամանակը և տեղը:
1.1. Եթե հետաքննության կամ նախաքննության ընթացքում սույն օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված կարգով տեղեկություններ են հավաքվել դատավարության մասնակից չհանդիսացող անձի վերաբերյալ, ապա քննիչն այդ մասին հաղորդում է նրան և որոշում այդպիսի տեղեկություններ պարունակող գործի նյութերին նրա ծանոթանալու ժամանակը և տեղը, բացառությամբ երբ դրանց կապակցությամբ նոր քրեական գործ է հարուցվել:
2. Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին քննիչը ծանոթանալու համար գործը ներկայացնում է նրանց միջնորդության դեպքում, իսկ մեղադրյալին և պաշտպանին` անկախ միջնորդությունից:
3. Եթե մեղադրյալի պաշտպանը կամ տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող ներկայանալ նշանակված ժամին, քննիչը ծանոթանալը հետաձգում է մինչև 5 օր ժամկետով: Տվյալ ժամկետում պաշտպանի կամ ներկայացուցչի չներկայանալու դեպքում մեղադրյալին հնարավորություն է ընձեռվում իր համաձայնությամբ կամ նշանակմամբ ունենալու այլ պաշտպան, իսկ տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին` այլ ներկայացուցիչ:
3.1. Եթե սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված՝ դատավարության մասնակից չհանդիսացող անձը չի կարող ներկայանալ նշանակված ժամին, ապա քննիչը ծանոթանալը հետաձգում է մինչև 2 օր ժամկետով:
(265-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-307-Ն)