Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 29. Քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելը

գործել է մինչև 2024-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 29. Քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելը

1. Դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքները արտացոլվում են արձանագրությունում (բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի), որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:

2. Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող են կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում և տեսագրում:

Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները, որոնք կազմվել կամ պատրաստվել են դատավարական գործողության ընթացքում, կցվում են քրեական գործին:

Հետաքննության մարմինը կամ քննիչը տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ ստուգում է դրանց սարքինությունը: Տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողություն սկսելու պահից, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի: Տեսաձայնագրառման ընդհատման դեպքում քննչական գործողությունն ընդհատվում է, որի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն, որտեղ նշվում են ընդհատման պատճառների մասին: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրառումը վերսկսելու պահից: Մինչ այդ հետաքննության մարմինը կամ քննիչը միջոցներ է ձեռնարկում քննչական գործողության կատարման վայրը, հետքերը և առարկաները պահպանելու ուղղությամբ: Տեսաձայնագրառման դեպքում ապահովվում են քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և լսելիությունը: Տեսաձայնագրառման նյութերը ենթակա չեն մոնտաժման կամ այլ կերպ փոփոխության:

3. Արձանագրությունում նշվում են՝

1) դատավարական գործողության իրականացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ.

2) արձանագրությունը կազմողի պաշտոնը և ազգանունը.

3) դատավարական գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ:

4. Դատավարական գործողությունները արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները (բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի), շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:

5. Արձանագրությունում նշվում են տեղեկություններ դատավարական գործողության ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման կարգի և պայմանների, այն օբյեկտների, որոնց նկատմամբ տեխնիկական միջոցները կիրառվել են, և ստացված արդյունքների, ինչպես նաև մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու վերաբերյալ:

Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Արձանագրությունը ներկայացվում է դատավարական գործողությանը մասնակցած անձանց՝ ծանոթացման համար: Ընդ որում, նշված անձանց բացատրվում է արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու իրենց իրավունքը: Արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ բոլոր հայտարարություններն ստորագրում են դատավարական գործողությանը մասնակցած անձինք:

7. Արձանագրությունը ստորագրում են քննիչը և դատավարական գործողությանը մասնակցող անձինք:

Կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի կամ դատավարական գործողությանը մասնակցած այլ անձի՝ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, պաշտպանի, ներկայացուցչի, օրինական ներկայացուցչի, իրավահաջորդի կամ ընթերակայի ստորագրություններով, եթե նրանք մասնակցում են դատավարական գործողությանը:

Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչը նույնպես արձանագրվում է:

Եթե կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան ֆիզիկական թերությունների կամ առողջական վիճակի կամ անգրագիտության հետևանքով զրկված են արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում պաշտպանի, օրինական ներկայացուցչի, ներկայացուցչի կամ ընթերակայի ներկայությամբ, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից այն ստորագրելու անհնարինությունը:

8. Արձանագրությունը պետք է պարունակի նաև գրառումներ դատավարական գործողության մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու, պարտականությունները չկատարելու հետևանքները պարզաբանելու, դատավարական գործողության իրականացման ընդհանուր կարգը բացատրելու մասին, ինչը հավաստվում է դատավարական գործողության մասնակիցների ստորագրությամբ:

(29-րդ հոդվածը խմբ. 23.05.06 ՀՕ-104-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-181-Ն, 15.04.20 ՀՕ-214-Ն)

&#9878Հոդված 30. Քրեական գործի նյութերը

1. Քրեական գործում պահվում են քրեական գործի նյութերը:

2. Գործում եղած յուրաքանչյուր փաստաթուղթ գործին կցվելով` անմիջապես պետք է ըստ էջերի համարակալվի: Քրեական վարույթն իրականացնող մարմիններն իրականացնում են գործի էջերի հերթական համարակալումը` դրանց կցման ժամանակագրական կարգով:

3. Բոլոր դատավարական որոշումները և դատական նիստի արձանագրությունները շարադրվում են համարակալված ձևաթղթերի վրա, որոնք համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

4. Քրեական գործի փաստաթղթերը կազմվում են մեկ կամ մի քանի թղթապանակներում` յուրաքանչյուրի կազմի վրա համապատասխան գրառումներով և նրանցում պարունակվող նյութերի ցուցակով:

5. Այլ առարկաները և փաստաթղթերը, որոնք իրենց մեծածավալության կամ իրենց բնույթով չեն կարող պահվել քրեական գործում, պահվում են գործից առանձին` որպես նրա անբաժան մաս: Քրեական գործից առանձին պահվող առարկաների և փաստաթղթերի ցուցակը կցվում է քրեական գործին:

6. Քրեական գործի փաստաթղթերը կարող են պատճենահանվել թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից, որը հավաստում է պատճենի ճշտությունը:

&#9878Հոդված 31. Քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը

1. Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե`

1) հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ.

2) մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ.

3) մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից.

4) մեղադրյալը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, որոնց պատճառով չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առանց նրա մասնակցության քրեական գործով հետագա վարույթն անհնար է.

5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին.

6) մեղադրյալի հետ կնքվել է մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

2. Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Այս հիմքով գործի վարույթը կասեցնելու` դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

4. Քրեական գործով վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո:

5. Քրեական գործով վարույթը կասեցվում է` մինչև այն կասեցնելու հիմք ծառայած հանգամանքները վերացնելը: Դրանց վերացումից հետո այն վերսկսվում է դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ:

6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է համագործակցությունը դադարեցվելուց կամ մեղադրյալի կողմից մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտականությունների պատշաճ կատարումը հաստատող փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո:

(31-րդ հոդվածը փոփ., խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-200-Ն)

(05.05.21 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։