Հոդված 370. ԴԱՏԱՎՃՌԻ ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍԸ
Հոդված 370. ԴԱՏԱՎՃՌԻ ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍԸ
Դատավճռի ներածական մասում ցույց է տրվում`
1) որ դատավճիռը կայացվել է Հայաստանի Հանրապետության անունից.
2) դատավճիռը կայացնելու ժամանակը և վայրը.
3) դատավճիռը կայացնող դատարանի անունը, դատարանի կազմը, դատական նիստի քարտուղարը, մեղադրողը, պաշտպանը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը, նրանց ներկայացուցիչները.
4) ամբաստանյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը, օրը և ծննդավայրը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը, կրթությունը և ամբաստանյալի անձին վերաբերող այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի համար.
5) այն քրեական օրենքը, որով նախատեսված հանցանքի կատարման համար մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել:
(370-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
⚖Հոդված 371. ԴԱՏԱՎՃՌԻ ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ-ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԸ
Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում`
1) մեղադրանքի բովանդակությունը.
2) գործի հանգամանքների, մեղադրանքի ապացուցված լինելու և ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետևությունները.
3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները.
4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է որոշում ընդունելիս:
Եթե դատավճիռը կայացնելիս դատարանը կիրառել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, ապա նշվում է նաև համապատասխան պայմանագիրը։
(371-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, 30.09.13 ՀՕ-102-Ն)