Հոդված 375.16. Համագործակցության վարույթով դատաքննությունը
Հոդված 375.16. Համագործակցության վարույթով դատաքննությունը
1. Համագործակցության վարույթով հատուկ կարգով դատաքննությունն անցկացվում է ամբաստանյալի, նրա պաշտպանի, մեղադրողի և տուժողի պարտադիր մասնակցությամբ:
2. Դատաքննությունն սկսվում է մեղադրողի կողմից համագործակցության համաձայնագրի հրապարակմամբ: Մեղադրողը դատարանին է ներկայացնում ամբաստանյալի համագործակցության փաստը և պարզաբանում, թե հատկապես ինչում է դա արտահայտվել:
3. Ամբաստանյալը և պաշտպանն իրավունք ունեն իրենց նկատառումները հայտնելու ամբաստանյալի համագործակցության բնույթի և այլ էական հանգամանքների վերաբերյալ:
4. Դատաքննության ընթացքում հետազոտվում են համագործակցության համաձայնագիրը և այն փաստական տվյալները, որոնք հաստատում են՝
1) ամբաստանյալի համագործակցության բնույթն ու սահմանները.
2) ամբաստանյալի կողմից համաձայնագրով ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելը.
3) հանցագործության բացահայտումն ապահովելու գործում ամբաստանյալի հետ համագործակցության դերը և նշանակությունը.
4) համագործակցության արդյունքում ամբաստանյալի, նրա մերձավոր ազգականի կամ ամբաստանյալի հետ կապակցված այլ անձի անվտանգության սպառնալիքի աստիճանը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստական տվյալները հետազոտելուց հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ նախապես հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, օրը և ժամը: