Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործել է մինչև 2022-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 12

Բարձրագույն խորհրդի լիազորությունները

1. Բարձրագույն խորհուրդը քննարկում է Միության գործունեությանն առնչվող սկզբունքային հարցերը, սահմանում ինտեգրացիայի զարգացման ռազմավարությունը, ուղղություններն ու հեռանկարները և ընդունում Միության նպատակների իրագործմանն ուղղված որոշումներ։

2. Բարձրագույն խորհուրդն իրականացնում է հետևյալ հիմնական լիազորությունները`

1) սահմանում է Միության ձևավորման և զարգացման ռազմավարությունը, ուղղություններն ու հեռանկարները և ընդունում Միության նպատակների իրագործմանն ուղղված որոշումներ,

2) հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի կազմը, բաշխում է պարտականությունները Հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև և դադարեցնում է նրանց լիազորությունները,

3) նշանակում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահին և ընդունում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում,

4) անդամ պետությունների ներկայացմամբ նշանակում է Միության դատարանի դատավորներին,

5) հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը,

6) հաստատում է Միության բյուջեն, «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթը և Միության բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը,

7) սահմանում է անդամ պետությունների՝ Միության բյուջե կատարած բաժնեմասային ներդրումների չափը (սանդղակը),

8) անդամ պետության առաջարկով քննարկում է այն հարցերը, որոնք վերաբերում են Միջկառավարական խորհրդի կամ Հանձնաժողովի ընդունած որոշումները չեղարկելուն կամ փոփոխելուն՝ հաշվի առնելով 16-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթները,

9) Միջկառավարական խորհրդի կամ Հանձնաժողովի առաջարկությամբ քննարկում է այն հարցերը, որոնց շուրջ որոշում ընդունելիս ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս) ձեռք չի բերվել,

10) հարցումներով դիմում է Միության դատարան,

11) հաստատում է Միության դատարանի դատավորների, Միության դատարանի աշխատակազմի պաշտոնատար անձանց ու աշխատակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների մասին տվյալների հավաստիությունն ու ամբողջականությունն ստուգելու կարգը,

12) սահմանում է Միություն նոր անդամներ ընդունելու և Միությանն անդամակցությունը դադարեցնելու կարգը,

13) ընդունում է դիտորդի կարգավիճակ կամ Միությանն անդամակցելու համար թեկնածու պետության կարգավիճակ տալու կամ այն չեղյալ համարելու մասին որոշում,

14) հաստատում է Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցություն իրականացնելու կարգը,

15) ընդունում է Միության անունից երրորդ կողմի հետ բանակցելու, այդ թվում՝ դրա հետ Միության միջազգային պայմանագրեր կնքելու և բանակցություններ վարելու իրավունք վերապահելու, ինչպես նաև երրորդ կողմի հետ կնքող միջազգային պայմանագրի՝ Միության համար պարտադիր լինելուն նրա համաձայնությունն արտահայտելու, միջազգային պայմանագիրը դադարեցնելու, կասեցնելու կամ դրանից դուրս գալու մասին որոշումներ,

16) հաստատում է Միության մարմինների ընդհանուր հաստիքների թվակազմը, Միության մարմիններում անդամ պետությունների քաղաքացիների թվից պաշտոնատար անձանց ներկայացվածության չափանիշները, որոնք մրցութային հիմունքով ուղարկվում են անդամ պետությունների ներկայացմամբ,

17) հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, Միության մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների աշխատանքի դիմաց վարձատրության կարգը,

18) հաստատում է «Եվրասիական տնտեսական միության մարմիններում արտաքին աուդիտի (վերահսկողության) մասին» հիմնադրույթը,

19) քննարկում է Միության մարմիններում անցկացված արտաքին աուդիտի (վերահսկողության) արդյունքները,

20) հաստատում է Միության խորհրդանշանները,

21) հանձնարարություններ է տալիս Միջկառավարական խորհրդին և Հանձնաժողովին,

22) ընդունում է համապատասխան հարցերով օժանդակ մարմիններ ստեղծելու մասին որոշումներ,

23) իրականացնում է սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված այլ լիազորություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։