Հոդված 56
Հոդված 56
Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ընդհանուր սկզբունքները
1. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներն իրականացվում են գիտական հիմնավորում ունեցող սկզբունքների հիման վրա և միայն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են մարդկանց, կենդանիների և բույսերի կյանքի ու առողջության պաշտպանության համար։
Միության շրջանակներում կիրառվող՝ սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումները հիմնվում են միջազգային ու տարածաշրջանային ստանդարտների, հրահանգների և (կամ) հանձնարարականների վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան գիտական հիմնավորմամբ ներմուծվում են սանիտարական, անասնաբուժասանիտարական կամ կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ, որոնցով ապահովվում է սանիտարական, անասնաբուժասանիտարական կամ կարանտինային բուսասանիտարական պաշտպանության ավելի բարձր մակարդակ, քան միջազգային ու տարածաշրջանային ստանդարտների, հրահանգների և (կամ) հանձնարարականների վրա հիմնված միջոցներով։
2. Բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցությունը, ինչպես նաև անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակներով Միության շրջանակներում իրականացվում է համաձայնեցված քաղաքականություն սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ոլորտում։
3. Համաձայնեցված քաղաքականությունն իրականացվում է սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ոլորտում միջազգային պայմանագրերի ու Հանձնաժողովի ակտերի՝ անդամ պետությունների կողմից համատեղ մշակման, ընդունման և իրականացման միջոցով։
4. Անդամ պետություններից յուրաքանչյուրն իրավունք ունի մշակելու ու ներմուծելու ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ։
Ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ ներմուծելիս անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության կարգը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։
5. Կենդանիների և կենդանական ծագման մթերքի նույնականացման, գրանցման և հետագծելիության իրականացման ժամանակ համաձայնեցված մոտեցումները կիրառվում են Հանձնաժողովի ակտերին համապատասխան։
6. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացումն ու անդամ պետությունների սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ոլորտում լիազորված մարմինների փոխգործակցությունն իրականացվում է սույն Պայմանագրի 12-րդ հավելվածի համաձայն։