Հոդված 14. Ավիացիոն անվտանգություն և պատահարներ
Հոդված 14. Ավիացիոն անվտանգություն և պատահարներ
1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին և պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ անօրինական միջամտության ձեռնարկումներից քաղաքացիական ավիացիան ապահովելու` միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունները սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում: Պայմանավորվող կողմերը գործում են Օդանավերում կատարվող հանցագործությունների և որոշ այլ գործողությունների մասին Կոնվենցիայի, ստորագրված Տոկիոյում 1963 թվականի սեպտեմբերի 14-ին, Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին Կոնվենցիայի, ստորագրված Հաագայում 1970 թվականի դեկտեմբերի 16-ին, Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների մասին Կոնվենցիայի, ստորագրված Մոնրեալում 1971 թվականի սեպտեմբերի 23-ին, Միջազգային օդանավակայաններում անօրինական բռնի գործողությունների դեմ պայքարի մասին Արձանագրության, ստորագրված Մոնրեալում 1988 թվականի փետրվարի 24-ին, և Պայմանավորվող կողմերի միջև գործող երկկողմ պայմանագրերի դրույթներով, ինչպես նաև այն պայմանագրերով, որոնք կկնքվեն նրանց միջև հետագայում:
2. Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում ամեն տեսակի օգնություն են ցուցաբերում, որոնք վերաբերում են քաղաքացիական օդանավերի անօրինական հափշտակման կանխմանը և այլ անօրինական գործողությունների, որոնք ուղղված են օդանավերի, դրանց ուղևորների ու անձնակազմի, օդանավակայանների ու օդագնացության միջոցների անվտանգության դեմ, ինչպես նաև, քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիքին:
3. Պայմանավորվող կողմերը գործում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված ավիացիոն անվտանգության և տեխնիկական պահանջների վերաբերյալ դրույթներին համապատասխան և նախատեսվում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի Հավելվածներում նախատեսված դրույթներին համապատասխան, որքանով որ այդ դրույթներն ու պահանջները կիրառելի են Պայմանավորվող կողմերի հանդեպ, նրանք կպահանջեն, որ օդանավերի շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտական գտնվելու վայրը իրենց տարածքում է, և իրենց տարածքում գտնվող միջազգային օդանավակայանները շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ նման դրույթներին ու պահանջներին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը օդանավերի շահագործողներից կարող է պահանջել պահպանել սույն հոդվածի 3-րդ կետում նշված` ավիացիոն անվտանգության մասին դրույթներն ու պահանջները, որոնք այդ մյուս Պայմանավորվող կողմի կողմից նախատեսվում են նրա տարածք մտնելու, այնտեղ գտնվելու և այնտեղից դուրս գալու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքի սահմաններում կապահովի համապատասխան միջոցների կիրառում` օդանավերը պաշտպանելու և օդանավ նստելուց առաջ և ընթացքում կամ բեռնաթափման ժամանակ ուղևորներին, անձնակազմին, ձեռքի ուղեբեռը, հիմնական ուղեբեռն ու օդանավի ունեցած իրերը ստուգելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կքննի մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած խնդրանք` կոնկրետ սպառնալիքի դեպքում հատուկ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
5. Միջադեպի կամ դրա սպառնալիքի դեպքում, որը կապված է օդանավի անօրինական զավթման կամ այլ գործողությունների հետ, որոնք ուղղված կլինեն օդանավի, նրա ուղևորների ու անձնակազմի, օդանավակայանի կամ օդագնացության միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերն իրար օգնություն են ցուցաբերում կապի հեշտացման միջոցով և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կանխման նպատակին ուղղված համապատասխան միջոցների ձեռնարկմամբ:
6. Մի Պայմանավորվող կողմի օդանավի` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ստիպողական վայրէջքի, աղետի կամ այլ վթարի դեպքում Պայմանավորվող կողմը, որի տարածքում տեղի է ունեցել այդ վթարը, պետք է մյուս Պայմանավորվող կողմին անհապաղ, մանրամասնորեն իրազեկի այդ վթարի մասին, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի վթարի պատճառները հետաքննելու, ուղևորներին և անձնակազմին օգնություն ցուցաբերելու, օդանավը, ուղեբեռը, բեռը և փոստը պահպանելու համար:
7. Պայմանավորվող կողմը, որի գրանցամատյանում գրանցված է օդանավը, իրավունք կունենա նշանակել իր դիտորդներին, որոնք, մյուս Պայմանավորվող կողմի հետ պայմանավորվածության համաձայն, կարող են ներկա լինել ավիացիոն պատահարի հետաքննման ընթացքում: