Հոդված 4. Նշանակում և թույլտվության տրամադրում
Հոդված 4. Նշանակում և թույլտվության տրամադրում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա նշանակել ավիաընկերություն (ավիաընկերություններ) սահմանված երթուղիներով պայմանագրային չվագծերի շահագործման նպատակով` գրավոր ծանուցելով այդ մասին մյուս Պայմանավորվող կողմին:
2. Նման ծանուցում ստանալուց հետո մյուս Պայմանավորվող կողմը, ըստ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, նշանակված ավիաընկերությանը թռիչքների համապատասխան թույլտվություն է տրամադրում:
3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մինչև թռիչքների թույլտվություն տալը կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել ապացույցներ, որ նա ի վիճակի է կատարելու օրենսդրությամբ և կանոններով կարգորոշված պայմանները, որոնք սովորաբար այդ իշխանությունների կողմից կիրառվում են միջազգային չվագծերը շահագործելիս և չեն գերազանցում Կոնվենցիայի պահանջները:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մերժել սույն հոդվածի 2-րդ կետում նշված` թռիչքների թույլտվություն տալը կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք անհրաժեշտ կհամարի նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված իրավունքներն օգտագործելիս` ամեն դեպքում, երբ հիշյալ Պայմանավորվող կողմը չունի այն բանի ապացույցները, որ այդ ավիաընկերության (ավիաընկերությունների) նկատմամբ նյութական սեփականության իրավունքների և իրական վերահսկողությունը պատկանում է Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը, նրա մարմիններին կամ քաղաքացիներին:
5. Նշանակված ավիաընկերությունը (ավիաընկերությունները), ստանալով սույն հոդվածում սահմանված թույլտվությունը, կարող են սկսել պայմանագրային չվագծերի շահագործումը` պայմանով, որ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների կողմից հաստատված թռիչքների չվացուցակը և սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթների համապատասխան սահմանված սակագները (տարիֆները) նշանակված ավիաընկերությունների միջև համաձայնեցված են, ինչպես նաև, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ կետի համապատասխան, որոշված են տեխնիկական և առևտրական հարցերը: