Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.
ա) «Պայմանավորվող Պետություն» և «Պայմանավորվող մյուս Պետություն» արտահայտությունները ենթատեքստից կախված նշանակում են Հայաստան կամ Իրանի Իսլամական Հանրապետություն:
«Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով ներառվում է տարածքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան իրավունքներ ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան իրավասություն է իրականացնում և որտեղ գործում է նրա հարկային օրենսդրությունը, «Իրանի Իսլամական Հանրապետություն» արտահայտությունը նշանակում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության տակ գտնվող տարածքները,
բ) «հարկ», տերմինը նշանակում է սույն Համաձայնագրի երկրորդ հոդվածում ընդգրկված որևէ հարկ,
գ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն կամ անձանց ցանկացած այլ միավորում,
դ) «ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած միավորում կամ ցանկացած այլ իրավաբանական անձ, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,
ե) «գրանցված գրասենյակ» արտահայտությունը նշանակում է Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի օրենսդրության համաձայն գրանցված գլխավոր գրասենյակ,
զ) «Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» և «Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկություն» արտահայտությունները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող կամ Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
է) «միջազգային փոխադրում» արտահայտությունը նշանակում է Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից իրականացվող ցանկացած ծովային, գետային, օդային նավով կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծովային, գետային, օդային նավով կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրումը իրականացվում է բացառապես Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող կետերի միջև,
ը) «իրավասու մարմին» արտահայտությունը նշանակում է.
(I) Հայաստանի կիրարկմամբ` Հարկային պետական տեսչությունը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը.
(II) Իրանի Իսլամական Հանրապետության կիրարկմամբ` էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը,
թ) «ազգային անձ» արտահայտությունը նշանակում է.
(I) Պայմանավորվող Պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
(II) Պայմանավորվող Պետության գործող օրենսդրության հիման վրա իրավաբանական անձի կարգավիճակ ստացած ցանկացած անձ:
2. Պայմանավորվող Պետության կողմից սույն Համաձայնագիրը կիրառելիս, եթե ենթատեքստից այլ բան չի բխում, սույն Համաձայնագրով ընդգրկվող հարկերի առնչությամբ դրանում չսահմանված ցանկացած տերմին կունենա այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ Պետության օրենսդրությամբ: