Հոդված 5. Պայքար թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության դեմ
Հոդված 5. Պայքար թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության դեմ
1. Կողմերի մաքսային ծառայությունները աջակցություն են ցուցաբերում միմյանց թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության կանխման և քննության գործում` հարցմամբ կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց տրամադրելով տեղեկություններ.
ա) թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների մասին,
բ) թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի մաքսային վերահսկողության սկզբունքների, ինչպես նաև վերահսկողության մեթոդների և բացահայտման նոր միջոցների վերաբերյալ,
գ) թմրամիջոցների բացահայտման համար տեխնիկական միջոցների և վարժեցված մաքսային շների օգտագործման փորձի մասին,
դ) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործունեության վերաբերյալ հրապարակումների և գիտական, մասնագիտական և ուսումնական ձեռնարկների մասին,
ե) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նոր տեսակների, նրանց արտադրության վայրերի, իրավախախտների կողմից օգտագործվող երթուղիների, ինչպես նաև թաքցնելու մեթոդների, թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի` տարբեր երկրներում և տարածաշրջաններում գների փոփոխման վերաբերյալ,
զ) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նույնականացման և լաբորատոր վերլուծության մասին:
2. Մի Կողմի մաքսային ծառայությունը սեփական նախաձեռնությամբ կամ մյուս Կողմի մաքսային ծառայության հարցմամբ տրամադրում է ամբողջ տեղեկությունը.
ա) թմրամիջոցների, հոգեներգործող, ինչպես նաև վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի ներմուծման, արտահանման կամ շրջանառության մեջ մասնակցող կամ մասնակցած կամ դրանում կասկածվող անձանց վերաբերյալ,
բ) թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության համար կիրառվող նոր երթուղիների և միջոցների վերաբերյալ,
գ) թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության առարկա հանդիսացող ապրանքների և փոստային առաքումների վերաբերյալ,
դ) թմրամիջոցների, հոգեներգործող և վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործված կամ օգտագործվելիք կամ դրանում կասկածվող յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի վերաբերյալ:
3. Եթե Կողմի մաքսային ծառայությունը իր տրամադրության տակ չունի տեղեկություններ, որոնց մասին հարցում է արվել, ապա նա միջոցներ է ձեռնարկում այդ տեղեկությունը ստանալու համար` գործող մաքսային օրենսդրությանը համապատասխան:
4. Կողմերի մաքսային ծառայությունները միմյանց աջակցություն են ցուցաբերում վերահսկվող մատակարարման մեթոդի օգտագործման դեպքում:
Վերահսկվող մատակարարման մեթոդի օգտագործման մասին որոշումը ընդունվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար` Կողմերի գործող օրենսդրություններին համապատասխան:
5. Սույն հոդվածի շրջանակներում փոխանցված ցանկացած ձևի տեղեկություն ունի գաղտնի բնույթ: Այն օժտված է գաղտնիության նույն աստիճանով և հրապարակումից պաշտպանվածությամբ, որից օգտվում են նույնաբնույթ փաստաթղթերը և տեղեկությունը` այն փոխանցած մաքսային ծառայության պետության տարածքում գործող օրենսդրության համաձայն:
6. Յուրաքանչյուր Կողմի` սույն հոդվածին համապատասխան ստացած տեղեկությունը և փաստաթղթերը կարող են փոխանցվել նրա իրավապահ և այլ պետական մարմիններին, որոնք զբաղվում են իրավախախտումների և թմրամիջոցների ու հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով:
Կողմերը վերահսկվող մատակարարման մեթոդի օգտագործման մասին որոշումները ընդունում են առանձին` յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար և, անհրաժեշտության դեպքում, կարող են հաշվի առնել Կողմերի միջև ֆինանսական պայմանավորվածությունները:
7. Կողմերը կարող են սույն Համաձայնագրի գործողության ոլորտը տարածել նաև այն նյութերի վրա, որոնք օգտագործվում են թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի արտադրության համար: