Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվող տերմինները նշանակում են.
«մաքսային ծառայություն»` Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը, իսկ Բուլղարիայի Հանրապետության համար` Բուլղարիայի Հանրապետության ֆինանսների նախարարության գլխավոր մաքսային վարչությունը,
«մաքսային օրենսդրություն»` Կողմերի իրավական նորմերի ամբողջություն, որը կարգավորում է Կողմերի մաքսային սահմաններով ապրանքների, ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռի, արժութային արժեքների, միջազգային փոստային առաքումների ներմուծման, արտահանման և տարանցման, մաքսային տուրքերի, հարկերի և այլ վճարումների գանձման, արտոնություններ տալու, արգելքների և սահմանափակումների հաստատման կարգը, ինչպես նաև Կողմերի մաքսային սահմաններով փոխադրվող ապրանքների վերահսկողության իրականացումը,
«հարցում անող ծառայություն»` Կողմի` այդ նպատակի համար սահմանված և մաքսային հարցերով օժանդակություն ցուցաբերելու համար հարցում ուղարկող իրավասու վարչական մարմին,
«հարցվող ծառայություն»` Կողմի` այդ նպատակի համար սահմանված և մաքսային հարցերով օժանդակություն ցուցաբերելու համար հարցում ստացող իրավասու վարչական մարմին,
«մաքսային իրավախախտում»` մաքսային օրենսդրության յուրաքանչյուր խախտում կամ խախտման որևէ փորձ,
«անձ»` ֆիզիկական և իրավաբանական անձ,
«թմրամիջոց»` բնական կամ սինթետիկ ցանկացած նյութ` մտցված 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» Միասնական կոնվենցիայի I, II անվանացանկերի մեջ (հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ),
«հոգեներգործող նյութ»` բնական կամ սինթետիկ ցանկացած նյութ կամ յուրաքանչյուր բնական նյութ` մտցված 1971 թվականի «Հոգեներգործող նյութերի մասին» Միասնական կոնվենցիայի I, II, III և IV անվանացանկերի մեջ (հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ),
«վերահսկվող քիմիական նյութ»` յուրաքանչյուր նյութ` մտցված 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի I և II անվանացանկերի մեջ,
«վերահսկվող մատակարարում»` մեթոդներ, որոնց միջոցով թույլատրվում է ապօրինի ուղարկված կամ ապօրինի ուղարկված լինելու կասկած հարուցող թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի, վերահսկվող քիմիական նյութերի կամ նրանց փոխարինող նյութերի արտահանումը, փոխադրումը, կամ ներմուծումը մեկ կամ մի քանի Կողմերի տարածք` վերջիններիս իրավասու մարմինների հսկողության տակ կամ գիտությամբ` իրավախախտումը կատարող անձանց բացահայտման նպատակով,
«ապօրինի շրջանառություն»` իրավախախտումներ, որոնք հաստատված են թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ՄԱԿ-ի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն: