Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե միայն համատեքստից այլ բան չի հետևում`
ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի Կոնվենցիան, որը ստորագրման համար բացվել է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից և ներառում է ցանկացած Հավելված, Կոնվենցիայի 90-րդ հոդվածին համաձայն, և Հավելվածների կամ Կոնվենցիայի ցանկացած ուղղում, Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն, եթե այդ Հավելվածներն ու ուղղումները ընդունվել կամ վավերացվել են երկու Պայմանավորվող կողմերի կողմից,
բ) «ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, և Ղազախստանի Հանրապետության կառավարության նկատմամբ` Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի, հաղորդակցությունների և զբոսաշրջության նախարարությունը, կամ ցանկացած այլ անձ կամ կազմակերպություն, որոնք լիազորված են կատարելու նշված իշխանությունների կողմից ներկայումս իրականացվող գործառույթները,
գ) «նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է ավիաընկերություն, որը նշանակված և լիազորված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան,
դ) «սակագին» տերմինը նշանակում է այն գները, որոնք գանձվում են ուղևորների, ուղեբեռի և բեռների փոխադրման համար, և այն պայմանները, որոնց դեպքում կիրառվում են այդ գները, ներառյալ միջնորդավճարը և այլ լրացուցիչ վճարումները գործակալական ծառայությունների կամ տրանսպորտային փաստաթղթերի վաճառքի համար, բացառությամբ փոստի փոխադրման համար վճարների և պայմանների,
ե) «Համաձայնագիր» տերմինը նշանակում է սույն Համաձայնագիրը, դրա Հավելվածը և Համաձայնագրի կամ Հավելվածի ցանկացած ուղղում,
զ) «տարածք» տերմինը պետության նկատմամբ նշանակում է երկրի մակերևույթը, տարածքային ու ներքին ջրերը և դրանց վրայի օդային տարածքը, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության ներքո,
է) «միջազգային օդային հաղորդակցություն» տերմինը նշանակում է օդային հաղորդակցություն, որն իրականացվում է մեկից ավելի պետությունների տարածքների վրայի օդային տարածքով,
ը) «ոչ առևտրային նպատակով վայրէջք» տերմինը նշանակում է վայրէջք ցանկացած այլ նպատակով, բացառությամբ ուղևորների, ուղեբեռի, բեռների և փոստի բեռնաթափման կամ բեռնման,
թ) «փոխադրումների տարողություն» տերմինը նշանակում է`
I) օդանավի նկատմամբ` երթուղում կամ դրա մի մասում թռիչքներ կատարող այդ օդանավի բեռնաբարձությունը.
II) սահմանված օդային հաղորդակցության նկատմամբ` այդ օդային հաղորդակցությունում օգտագործվող օդանավի փոխադրումների ծավալը` բազմապատկած երթուղում կամ դրա մի մասում տվյալ ժամանակահատվածում այդ օդանավի կատարած թռիչքների հաճախականությամբ: