Հոդված 14. Գործակալություն դիմելու կարգը
Հոդված 14. Գործակալություն դիմելու կարգը
1. Գործակալություն փաստաթղթեր ներկայացնելու օրը գործակալությունում դիմումի ստացման ամսաթիվն է:
2. Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
3. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմող «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են, մինչև սույն օրենքով սահմանված կարգով գրանցման համար դիմելը, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնել հանձնաժողով:
4. Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պարտականությունը համարվում է պատշաճ կատարված, երբ դիմողը`
1) ներկայացնում է բանկի կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպության տված անդորրագրի պատճենը կամ հաստատված վճարման հանձնարարականը.
2) ներկայացնում է համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան կոդը՝ տրամադրված վճարահաշվարկային ծառայություններ իրականացնող կազմակերպության կողմից, կամ
3) կատարում է վճարում պլաստիկ քարտի կամ վիրտուալ պլաստիկ քարտի տվյալները տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:
5. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:
(14-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-40-Ն, 03.03.21 ՀՕ-98-Ն, 03.07.25 ՀՕ-213-Ն)