Հոդված 60. Օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման և հաշվառումից հանելու առանձնահատկությունները
Հոդված 60. Օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման և հաշվառումից հանելու առանձնահատկությունները
1. Օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման հաշվառման դեպքում դիմողը, ի հավելումն սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, ներկայացնում է նաև՝
1) հիմնադրի կանոնադրության և (կամ) հիմնադիր այլ փաստաթղթի պատճենը՝ հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված և հայերեն թարգմանված.
2) քաղվածք` գրանցման երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ՝ հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված և հայերեն թարգմանված:
2. Եթե հիմնադիր օտարերկրյա իրավաբանական անձը չունի հիմնադիր փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում դրույթներ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու լիազորություններ ունեցող մարմինների մասին, ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի փոխարեն ներկայացվում են իրավասու մարմնի (կամ օտարերկրյա իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի) տված տեղեկանքները` հիմնադիր փաստաթղթերի ցանկի և առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու վերաբերյալ որոշում ընդունած մարմնի նման լիազորություններ ունենալու մասին:
3. Օտարերկրյա իրավաբանական անձի հաշվառման ժամանակ տեղեկատվական համակարգը հաշվառվող առանձնացված ստորաբաժանմանը կամ հիմնարկին շնորհում է նաև հարկային մարմնի տրամադրած հարկ վճարողի հաշվառման համարը («Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով), սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը («Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով):
4. Օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, ներկայացնում է նաև`
1) հիմնադրի տված տեղեկանքը, որով հավաստվում է պարտատերերի` առաջացած պարտավորությունների բավարարումը կամ նման պարտավորությունների բացակայությունը.
2) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղակայելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք սահմանված են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
5. Օտարերկրյա իրավաբանական անձի հաշվառումից հանումը կատարվում է սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կարգով սույն գլխով նախատեսված փաստաթղթերի հիման վրա: